Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ընտրությունների արդյունքները կանխորոշված են եղել Թրամփի ընտրությամբ». Տիգրան Խզմալյան

Հունիս 04,2017 21:16
xzmalyan

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր մի խումբ համախոհների հետ դեռ անցած տարվա աշնանը եվրոպական ուղղվածության կուսակցություն ստեղծելու մտադրություն ուներ: Կուսակցությունն էլ պայմանական որոշել էին «Եվրոպական ընտրություն» անվանել:

Aravot.am-ը Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ ինչ փուլում է կուսակցություն ստեղծելու  իրենց նախաձեռնությունը:

«Սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանի ժողովրդավարական եւ ազատական հասարակության մասը քննարկում էր սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափն ու իմաստը: Այդ ժամանակ առաջարկություններից մեկն էլ արեցի ես՝ պնդելով, որ ամենակարեւոր հարցը, որ կանգնած է մեր ազգի ու պետության առջեւ՝ օր առաջ եվրասիական տնտեսական միությունից դուրս գալն է, ինչպես եւ ՀԱՊԿ-ից ու միանալ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Այս երկու նպատակը ձեւակերպեցի որպես գերխնդիր»,- ասաց պարոն Խզմալյանը:

Պարոն Խզմալյանի խոսքով, կուսակցություն հիմնելու իրենց մտադրությունից հետ են կանգնել իր իսկ առաջարկով՝ չնայած բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստել էին. «Նոյեմբերի իննին Թրամփի ընտրությունից հետո ինձ ու մի շարք  այլ մարդկանց համար պարզ դարձավ, որ Արեւմուտքի ներկայությունը, որը եւ միայն ապահովում էր ճնշում ՀՀ իշխանությունների վրա ու հավասարակշռում ՀՀ ազդեցությունը, կտրուկ նվազելու է, դա համընկավ Եվրամիության մեջ սկսված ճգնաժամի հետ, որը բերեց միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն եւ արդեն նոյեմբերի կեսին բաց նամակով բացատրեցի, որ ընտրություններ Հայաստանում չեն լինելու, դրանց արդյունքը կանխորոշված է ԱՄՆ ընտրություններով: Ասացի, որ եվրոպական ընտրությունը մնալու է որպես  նախաձեռնություն, հիմա էլ հանդիպում ենք բավականին հաճախ, այդ թվում նաեւ քաղաքական ձեւաչափով: Ճիշտ է՝ հիմա հանդիպումներ տեղի չեն ունենում որպես հանրահավաքներ, բայց մենք շարունակում ենք շփվել համացանցի միջոցով ու հանդիպում ենք որոշ միջոցառումների ժամանակ»:

Թե ովքեր են նախաձեռնության անդամները, պարոն Խզմալյանն ասաց՝ հարյուրավոր մարդիկ, որոնք համախմբվում են համացանցի իր՝ գրառումների շուրջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930