Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-ի մեղադրանքը կեղծ է, արհեստածին է». Մուշեղ Շուշանյանը հերքում է, որ Արթուր Սողոմոնյանը կոշիկի մեջ փող է պահել

Հունիս 04,2017 16:01

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների քրգործի նախաքննությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը այս մասին տարածած հաղորդագրության մեջ հաստատել է, որ զինված խմբի անդամները թալանել են նաեւ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատից 14 մլն 808 հազար դրամ: ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ «Գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն: Քննությամբ հիմնավորվել է, որ գումարի հափշտակությունը կատարվել է գնդի տարածքը զավթելու և պահելու օրերին, նշված բանկոմատի ծխնիները մետաղահատ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով:

Բանկոմատից հափշտակված գումարները բաղկացած են եղել 1000, 5000, 10000 և 20000-անոց ՀՀ թղթադրամներից, որոնցից 10000 և 20000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական համարի և սերիայի: Բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից, ընդ որում, 10.000-անոց միանգամայն նոր, հաջորդական համարի և սերիայի թղթադրամներով»:

Aravot.am-ը Արթուր Սողոմոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանին հարցրեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՔԾ-ի այս մեղադրական եզրակացությունը, «Սասնա ծռերի» անդամները վստահեցնում էին, որ բանկոմատից իրենք գումար չեն գողացել, ինչպե՞ս է ձեր պաշտպանյալ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից հայտնաբերվել 300 հազար դրամ:

Նա պատասխանեց. «Մենք այդ մեղադրանքը չենք ընդունում: Մենք գտնում ենք, որ այդ մեղադրանքը կեղծ է, արհեստածին է, արհեստական ապացույցների վրա է հիմնված:

Մենք մեր դիրքորոշումն ամբողջությամբ կներկայացնենք դատարանում՝ դատաքննության ընթացքում: Այս պահին ավել բան չենք կարող ասել»:

Հերքո՞ւմ եք, որ Արթուր Սողոմոնյանը բանկոմատից փող է գողացել եւ այն թաքցրել իր կոշիկի մեջ. «Այո, հենց դրա մասով: Մենք մեղադրանքը չենք ընդունում, մնացածը՝ դատարանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930