Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակի հուսադրող երազը (պատմվածք)

Հունիս 04,2017 14:27

Ինչպես բոլոր մահկանացուները, Փայլակն էլ է երազներ տեսնում, դրական երազներին ցանկանում է ի կատար ածում, իսկ բացասական կամ սարսափ երազներին, բնականաբար,չի ցանկանում, որ իրականություն դառնան: Եվ դա հասկանալի է, ով կուզենա, որ ասենք երազում հազար դոլար ես կորցրել, որը իրականում բնավ էլ քո գրպանում չի եղել, բայց արթնանալիս ափսոսանքով ես հիշում, որ այն կորցրել ես: Կամ հակառակը, երազում տեսնում ես, որ ինչ-որ մի հսկա, անճոռնի արարած հարձակվում է վրադ ու դու վախից ու սարսափից արթնանում ես և ինչքան ես ուրախանում, երբ շոշափելով մարմինդ, զգում ես, որ այն երազ էր, ոչ թե իրականություն, և դու փրկված ես:

Եվ ահա, իրականում, Փայլակը կարդալով մայրաքաղաքում լույս տեսնող թերթերից մեկի հայտարարությունը այն մասին, որ անց է կացվում մրցանակաբաշխություն, որտեղ և նշված էր գրական անվանակարգը նույնպես:Մրցանակաբաշխության մյուս բաժինները, ասենք՝ գեղարվեստը, երաժշտությունը, նրան այնքան էլ չեն հետաքրքրում, բայց դե գրականությունը իր տարերքն է, ինչպես չմասնակցի մրցանակաբաշխությանը և այն էլ այն դեպքում, երբ ինքն իրեն համարում է բավականին կայացած գրող: Վկան՝ հինգ գրքերը, որ հրատարակել է իր սեփական ուժերով, քանի որ ոչ մի հրատարակչություն, նույնիսկ Գրողների միության հրատարակչությունը, հանձն չառան դրանց հրատարակումը, պատճառաբանելով ֆինանսական սուղ պայմանները:

Կարդալով տվյալ թերթի հայտարարությունը` Փայլակն ինչպես և անցած տարի, որոշեց, որ իր հրատարակած «Անապատի Աղջիկը» պատմվածքների ժողովածուն համապատասխանում է մրցանակաբաշխության պայմաններին, զանգահարեց  թերթում նշված հեռախոսահամարով, իմացավ գործը ներկայացնելու պայմանները և մի քանի օր հետո այն ներկայացրեց մրցանակաբաշխությունը կազմակերպող հիմնարկի վստահված անձին:

Բարեհամբույր տիկինը սիրով վերցրեց նրանից երկու օրինակ պատմվածքների բավականին հաստափոր ժողովածուն, գրանցեց համապատասխան տվյալները համակարգչի մեջ և բարի երթ ցանկացավ Փայլակին:

Բայց Փայլակն, անցյալ տարվա փորձից ելնելով,  ասաց.

-Երևի արդեն նախօրոք որոշված է՞, թե ում պետք է տան գրական մրցանակը:

-Ինչու՞ եք այդպես վատատեսորեն տրամադրված, գուցե դուք եք այդ մրցանակակիրը դառնալու,-ասաց բարեհամբույր տիկինը:

-Տառապանքս փորձ ունի,-պատասխանեց Փայլակը, հայտնի ասացվածքը ցիտելով-մի քանի անգամ մասնակցել եմ այդպիսի մրցույթների, բայց նույնիսկ չեն էլ հայտնել հայտ ներկայացնողների անունները, հայտարարելով միայն մրցանակը ստացողի անունը: Ուղղակի ես անուղղելի լավատես եմ ու չեմ ուզում հավատալ, որ այն կանխորոշված է:

-Հուսանք, որ այս անգամ ժյուրին բարի կգտնվի ձեր նկատմամբ,-հուսադրեց բարեհամբույր տիկինը:

-Հուսանք, միշտ էլ՝ հույսը վերջինն է մահանում,-նորից ցիտեց Փայլակը և հրաժեշտ տվեց գրքերն ընդունող աշխատակցուհուն:

Անցավ բավականին ժամանակ ու մի օր էլ հնչեց Փայլակի գրպանի բջջայինը:

-Բարև Ձեզ, ասաց կանացի ձայնը, խնդրում ենք վաղը երեկոյան ժամը 18:00-ին ներկա լինել մրցանակաբաշխությանը,  արդյունքները ամփոփվել են և մրցանակակիրներն հայտնի են:

-Իսկ չե՞ք ասի գրականության անվանակարգի հաղթողի անունը,-հարցրեց Փայլակը:

-Կգաք, կիմանաք,-կարճ կտրեց աշխատակցուհին և անջատեց հեռախոսը:

-Երևի ես եմ շահել մրցանակը,-ուրախացավ Փայլակը, որ աշխատակցուհին չուզեցավ տալ մրցանակակրի անունը:

Հաջորդ օրը Փայլակը նշանակված ժամից էլ մի քանի րոպե շուտ ներկայացավ մրցանակաբաշխության վայր: Դահլիճը լեփ-լեցուն էր մայրաքաղաքի երևելի այրերով և տիկիններով, որոնց մի մասին նա տեսել էր միայն հեռուստատեսությամբ, իսկ գերակշռող մասին չէր ճանաչում և տեսնում էր առաջին անգամ:

Բեմում նվագախումբն էր, որը հենց սկզբից կատարեց հանրապետության օրհներգը, բոլորը ոտքի կանգնեցին, այդ թվում նաև ինքը՝ Փայլակը:

Օրհներգի կատարումից հետո, ձայնափողին մոտեցավ սիրունատես հաղորդավարուհին, որին Փայլակը առաջին անգամ էր տեսնում և փոքր ներածական խոսքից հետո՝ հենց սկզբից ձայնը տվեց գրականության անվանակարգի հանձնաժողովի նախագահին:

Պատկառելի արտաքինով տարեց մարդը, որին Փայլակը նույնպես չէր ճանաչում, մոտեցավ ամբիոնին և սկսեց իր ելույթի ներածականով, ապա առանց ավելորդությունների հայտարարեց.

-Գրականության գծով մրցանակը տրվում է,- նա մի փոքր հապաղեց, իսկ Փայլակի շունչն արդեն կտրվում էր հուզմունքից,-մրցանակը տրվում է,-նորից կրկնեց հանձնաժողովի նախագահը,-Փայլակ Փանոսի Փայասլյանին՝ «Անապատի աղջիկը» պատմվածքների ժողովածուի համար:

Հրատարակվող գրքում տեղ են գտել հեղինակի վերջին տարիներին գրված իրական պատմությունները, պատմվածքները, մտորումները, որոնք նախապատրաստվել, մշակվել և կազմվել է հեղինակի կողմից: Այն բաժանված է հինգ հիմնական բաղադրիչների՝ սեր, բարոյականություն, մեծերի իմաստություն, խորհրդատվություն, քաղաքացիական դիրքորոշում ժամանակի ընթացքի մեջ:

Գրքում հեղինակը շարադրում է իր պատկերացումները, խոհերը, մտորումները, կյանքի խաչմերուկներում տեղի ունեցած զանազան իրադարձությունները և փորձում է ներթափանցել մարդկանց բարդ ու խճճված հոգեկան աշխարհը,  նաև որոշակի փիլիսոփայական եզրահանգումներ է անում և ընթերցողին ներկայացնում է  մարդկային թերությունները և բացերը՝ գիտակցելով, որ այն  օգտակար կարող է լինել թեկուզ մեկ անհատի համար:

Հեղինակը փորձել է նուրբ, երգիծական  վրձնահարվածներով քննադատության ենթարկել և ձաղկել առօրյա կյանքում  տիրող տգեղ և անբարո երևույթները, մարդու պատիվը նսեմացնող, նրա նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերող պետական չինովնիկներին, մանր-մունր խաբեբաների եսասիրական նկրտումները` փորձելով ինչ-որ կերպ օգնել մարդուն` ձերբազատվելու իր ներսում տիրող չար ու երբեմն էլ թշնամանք պարունակող ախտերից:

Ավարտելով համառոտ ելույթը, գրականության անվանակարգի հանձնաժողովի նախագահը ամբիոնի մոտ է հրավիրում Փայլակին, որպեսզի նրան հանձնի մրցանակը և դրամական պարգևը:

Փայլակը ցնծության մեջ է, չի հավատում կատարվածին,դահլիճում լսվող բուռն ծափահարությունների ներքո,  նա մոտենում է ամբիոնին, որ մի քանի բառ արտասանի, շնորհակալություն հայտնի, բայց լեզուն կապ է ընկնում, շփոթվում է, հուզմունքից իրեն կորցնում: Հենց այդ պահին էլ նրան է մոտենում իրենից գրքերն ընդունող աշխատակցուհին, ձեռքին բռնած սառը ջրով լի բաժակը.

-Խմեք, պարոն Փայլակ, ես Ձեզ ասում էի չէ հոռետեսորեն մի տրամադրվեք մրցույթներին, տեսա՞ք, թե ինչքան անաչառ է գտնվել ժյուրին:

Ու երբ Փայլակը աշխատակցուհու ձեռքից վերցրեց սառը ջրով լի բաժակը, մոտեցրեց շուրթերին, որպեսզի ըմպի նրա պարունակությունը,  ձեռքերը հուզմունքից դողացին, ու սառը ջուրը թափվեց  իր վրա: Սառը ջրի երևակայական ազդեցությունից Փայլակը վեր թռավ, նստեց անկողնում քրտնքի մեջ կորած և հասկացավ, որ այդ ամբողջը երազ էր:

Իսկ հաջորդ առավոտյան նույն աշխատակցուհին զանգահարեց քաղաքային հեռախոսով, Փայլակին հրավիրեց մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը և Փայլակը երազը սրտում երեկոյան ներկա գտնվեց մրցանակաբաշխության արարողությանը, որտեղ նույնիսկ իր անունը չլսեց որպես մասնակցի:

Իսկ մրցանակը տրվեց մի կազմակերպության, որի կոլեկտիվը ստացած դրամաշնորհով մի պլանային աշխատություն էր գրել, որը գուցե և ոչ-ոք չկարդար:

-Ասում էի, չէ, որ նախապես են ընտրում մրցանակակիրներին-մոտենալով գործերը ընդունող աշխատակցուհուն տխուր արտաբերեց Փայլակը ու հեռացավ:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930