Լոնդոնում գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի , կա շուրջ 48 վիրավոր, հայտնում է BBC-ն:
Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կամրջի մոտ «հարավային արտաքինով» երեք տղամարդ միկրոավտոբուսով մխրճվել են անցորդների մեջ, այնուհետև հասել են մինչև Բորո շուկա, դուրս են եկել մեքենայից և դանակներով հարձակվել անցորդների վրա:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ճշտում է հարձակումների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը:
Վիրավորների թվում կա Ֆրանսիայի 4 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, ինչպես նաև Ավստրալիայի մեկ քաղաքացի:
Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալները վնասազերծվել են: Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանությունը Twitter-ում կոչ էր հրապարակել՝ ուղղված լոնդոնաբնակներին. «Փախեք, թաքնվեք, զանգահարեք»: Ոստիկանությունը կոչ էր անում հնարավորության դեպքում առաջին հերթին թաքնվել անվտանգ վայրում: Եթե դա հնարավոր չէ՝ թաքնվել և բարիկադավորվել:
Լոնդոնի ողբերգության կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել աշխարհի առաջնորդները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք է լինել «խելացի, արթուն և դաժան»: «Պետք է դատարանները մեզ վերադարձնեն մեր իրավունքները: Պետք է (երկիր-խմբ.) մուտք գործելու վրա արգելք դրվի՝ որպես լրացուցիչ անվտանգության միջոց»:
«Այսօր ես մտքով բոլոր նրանց հետ եմ, ովքեր տուժել են Լոնդոնի կամրջի մոտ դաժան հարձակումներից: Մենք Լոնդոնի բնակիչների հետ ենք»,- Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Կատարվածը նույն կերպ է մեկնաբանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: «Սարսափով եմ հետևում Լոնդոնի իրադարձություններին: Իմ մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Պահպանե՛ք ձեզ»,- հայտարարել է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «նոր ողբերգության ժամանակ Ֆրանսիան, ինչպես երբեք, աջակցում է Միացյալ Թագավորությանը»: «Իմ մտքերը զոհերի ու նրանց ընտանիքների հետ են»,- ասել է նա:
«Այս ժամերին ես կարեկցանքով և զորակցությամբ մտածում եմ մեր բրիտանացի ընկերների և Լոնդոնի բոլոր մարդկանց մասին: Այսօր մեզ միավորել է վիշտը, ինչպես նաև վճռականությունը: Ես Գերմանիայի անունից հայտարարում եմ՝ ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ մենք ամուր և վճռական կանգնած ենք Մեծ Բրիտանիայի կողքին»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ