Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների օպտիմալացումը՝ չարիք

Հունիս 04,2017 12:00

Կառավարության կողմից նոր-նոր էր արտանետվել Լեզվի պետական տեսչության լուծարման գաղափարը, և արդեն մի շարք մտավորականներ ելույթներ էին ունեցել այդ հանկարծակի երևան եկած գաղափարի դեմ, երբ առավել հանկարծակի կառավարության կողմից երևան եկավ առավել արտառոց մեկ այլ գաղափար՝ դպրոցների օպտիմալացման գաղափարը, որն ավելի ցավոտ ընդունվեց հասարակության ու մտավորականության կողմից: Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչները դեմ արտահայտվեցին այս անսպասելի ու արտառոց գաղափարին, որն ինչքան անսպասելի ու արտառոց էր, նույնքան էլ՝ անհասկանալի:

Ամենասկզբում ասվեց, որ օպտիմալացումը վերաբերելու է մարզային այն դպրոցներին, որոնք չունեն բավարար քանակությամբ աշակերտներ, բայց երբ բողոքի ալիքը ռումբի պես պայթեց, և մարդիկ անհանգստացած աղաղակեցին, որ սահմանամերձ գյուղերը կարող են դատարկվել, գաղափարի հեղինակները ճարպկորեն սրբագրեցին գաղափարը, նշելով ու հավելելով, որ օպտիմալացման ենթակա են բացառապես քաղաքային  դպրոցները:

Բայց ի՞նչ ասել է՝ քաղաքային դպրոց: Առայժմ դա դեռ չեն բացատրել, և դեռ չգիտենք՝ քաղաքային դպրոց ասելով՝ մայրաքաղաքի՞ դպրոցները նկատի ունեն, թե՞ նաև մարզերի քաղաքային դպրոցները, որոնցից որոշների օպտիմալացման դեպքում նույնպես սահմանամերձ որոշ տարածքներ կհայտնվեն բնակչությունից դատարկվելու վտանգի տակ: Փոխարենը՝ գաղափարի հեղինակները մեզ բացատրեցին, որ օպտիմալացման ենթակա են քաղաքային այն դպրոցները, որոնք ունեն 300-ից պակաս աշակերտ: Այսինքն, 290 աշակերտ ունեցող ցանկացած դպրոց օպտիմալացման վտանգի տակ է, և, բնականաբար, տվյալ դպրոցների օպտիմալացման դեպքում տվյալ դպրոցների ուսուցիչներից շատերին կրճատման վտանգ է սպառնում, և չնայած գաղափարի մեկնաբանները փորձում են հավաստիացնել, որ որակյալ ու բարձրորակ ուսուցիչներին վտանգ չի սպառնում, բայց իրենց խոսքի տոնայնությունից իսկ զգացվում է, որ իրենք էլ իրենց ասածին առանձնապես չեն հավատում:

Մեզ պես իրենք էլ, կարծում եմ, ենթադրում են, որ կրճատման վտանգի տակ կհայտնվեն հատկապես այն ուսուցիչները, որոնք բարձրաստիճան հովանավորներ չունեն: Եվ, դրանից էլ բացի, ենթադրում եմ, որ կրճատման վտանգի տակ չեն հայտնվի այն ուսուցիչները, որոնք իրենց դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում առանձնակի ակտիվություն են հանդես բերել Ազգային ժողովի և այլ ընտրությունների ժամանակ:

Այսինքն, կարող է այնպես պատահել, որ կրճատման տակ հայտնվեն հենց լավագույն ուսուցիչները, և դա ավելի քան հնարավոր է, որովհետև, իմ համեստ կարծիքով, հենց լավագույն ուսուցիչներն են, որ ակտիվություն չեն հանդես բերում ընտրական գործընթացներում, և, ընդհակառակը, մշտապես ակտիվություն են հանդես բերում իրենց մանկավարժական ու մասնագիտական գործունեության մեջ, և եթե դպրոցների կրճատման գործընթացը կազմակերպողներն առաջին հերթին նկատի ունենան թոշակի տարիքի ուսուցիչներին, դա նույնպես լավագույն ելքն ու տարբերակը չէ, որովհետև գաղտնիք չէ, որ շատ դեպքերում լավագույն ու փորձառու ուսուցիչներն ու մանկավարժները հենց թոշակի տարիքի են, և նրանց անխտիր ու անժամանակ կրճատումը ևս կարող է լուրջ հարված հասցնել կրթական գործընթացին:

Արդեն կարծիքներ են հնչել, որ դպրոցների օպտիմալացման գաղափարի հեղինակների ու համահեղինակների աչքը օպտիմալացման շնորհիվ ազատվող դպրոցների տարածքների վրա է, և մենք էլ, կիսելով այս կարծիքը, նաև այն կարծիքին ենք, որ օպտիմալացված դպրոցների ազատված տարածքները կարող են դառնալ որոշակի անձերի սեփականություն:

Մի բան, այնուամենայնիվ, ակնհայտ է: Դպրոցների օպտիմալացման հետ կապված այս աղմուկը բարձրացվեց այն պահին, երբ դրա կարիքը հատկապես չկար: Այն պահին, երբ կառավարությունն ու իշխանությունները փոխանակ աշխատատեղեր ստեղծելու մասին մտածեն, եղածներն էլ են ուզում կրճատել: Սա կարող է արտագաղթի հավելյալ պատճառ հանդիսանալ, և եթե հիմա հասարակությունն այս սկսված թեմայի դեմ իր ձայնը չբարձրացնի և չփորձի կանխել այս չարորակ մտադրությունը, վաղը կարող է ուշ լինել:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետությունը դպրոցը ստեղծում է Դպրոցականի համար եւ ոչ թե հակառակը, դրա համար պետությունը պարտական է բավարարել Մեծն Գերազանցություն Դպրոցականի համար բոլոր պայմանները, իսկ եթե նյութական խնդիրներ ունեք՝ դա ձեր խնդիրն է եւ ոչ թե Դպրոցականի, թե ի վիճակի չեք լուծել, բարի եղեք հրաժարական տալ, թող ձեր տեղը ավելի խելոք ղեկավարներ գան ու Դպրոցականին գոհացնող լուծումներ առաջարկեն:

  2. Աբրահամյան says:

    Գյուղական դպրոցները պետք է միմիայն զարգացնել: Իսկ ընդհանրապես դպրոցները կրճատելը սխալ է, քանի որ այն հանդիսանում է ցանկացած բնակավայրի զարգացման լոկոմոտիվը: Եթե մեր երկրում բնակչությունը պետք է դառնա չորս միլիոն, ապա դա նշանակում է, որ հիմիկվանից պետք է զբաղվել դպրոցաշինությամբ: Կամ էլ մեր երկրի մի ձեռքը չգիտի, թե մյուսը ինչով է զբաղված:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930