Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Ես էությամբ գյումրեցի եմ, բայց նաեւ Հայաստանի հավաքականի մարզիչն եմ»

Հունիս 03,2017 23:44

Վաղը կայանալիք Հայաստանի եւ Սենթ Քիթս եւ Դեւիսի միջեւ կայանալիք ֆուտբոլի ընկերական հանդիպումից առաջ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հանդիպեցին լրագրողների հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց, որ մի քանի ուժեղ հավաքականների հետ նախնական պայմանավորվածություն ունեին, սակայն չստացվեց: «Վաղվա մեր մրցակիցներն իրենց գործակալների միջոցով մեզ հարցում արեցին եւ մենք տվեցինք մեր համաձայնություն, քանի որ Մոնտենեգրոյի հետ պաշտոնական խաղին շատ քիչ ժամանակ էր մնացել եւ ընկերական հանդիպում մեզ շատ էր պետք: Կհարցնեք՝ ինչի համար: Որովհետեւ այն տղաները, որոնք շուտ էին վերջացրել հանդիպումներն այն առաջնություններում, որտեղ հանդես են գալիս, երկար ժամանակ մնում էին առանց խաղային պրակտիկայի: Հուսով եմ, վաղը տղաները վաղը տրամադրված կմտնեն խաղադաշտ եւ կցուցադրեն իրենց խաղը: Ես ասել եմ, որ մեր համար կարեւոր չէ, թե ով է մրցակիցը: Տղաները լավ գիտեն, եթե մտել են խաղադաշտ, ապա՝ լավ խաղ ցուցադրելու, հաղթելու համար», – ասաց գլխավոր մարզիչը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ վաղվա խաղում բազմաթիվ փորձարկումներ է պլանավորում եւ խաղալու հնարավորություն տալու է առավելապես այն ֆուտբոլիստներին, ովքեր նախորդ հանդիպումներում հրավիրվել են հավաքական, բայց խաղային ժամանակ չեն ստացել: Արթուր Պետրոսյանը վստահեցրեց նաեւ, որ հայ ֆուտբոլասերը վաղը Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտում տեսնելու հնարավորություն անպայման կունենա:

Հավաքականի մարզիչը ներկայումս եւ առաջիկայում էլ երեք հիմնական խնդիրների վրա է աշխատելու՝ խաղային որակների բարձրացում, հոգեբանական պատրաստվածություն եւ տակտիկա:

Հարցին, թե ի՞նչ կպատասխանի հրապարակումներից մեկին, որտեղ ասվում է, թե գյումրեցի մարզիչն անտեսում է գյումրեցի ֆուտբոլիստին, Արթուր Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ է այդ հրապարակմանը: «Ես առանձնացրել եմ «Շիրակի» այն խաղացողների վիճակագրությունը ընթացիկ մրցաշրջանում, որոնց անունները շոշափվել են: Բիչախչյանը մասնակցել է 22 խաղի, որոնցից հիմնական կազմում՝ չորսը: ինչո՞ւ: Որ Բիչախչյանը տաղանդ է, հարց չկա: Իմ կարծիքով մարզիչները շատ ճիշտ ռազմավարություն են ընտրել, որպեսզի ֆուտբոլիստը ավելի լավ զարգանա: Նա երիտասարդ է եւ ֆիզիկականն այն չէ, որպեսզի մեծահասակների հետ 90 րոպե բարձրակարգ ֆուտբոլ խաղա:

Ինչ վերաբերում է Դարբինյանին, նա եզրափակչում փայլուն խաղաց, բայց ինչո՞ւ ոչ ամբողջ մրցաշրջանում: Եթե ֆուտբոլիստն ավելի բարձր մակարդակում խաղալու ցանկություն ունի, ապա պետք է դաշտում միշտ երեւա իր վարպետությամբ եւ նվիրումով: Ես էությամբ գյումրեցի եմ, բայց նաեւ հավաքականի մարզիչն եմ եւ ինձ առաջին հերթին հետաքրքրում է հավաքականը: Եթե լավ խաղացողներ լինեն «Շիրակում», «Արարատում» կամ մեկ այլ թիմում, կհրավիրվի: Ով ուժեղ է նա էլ կխաղա: Եվ մի բան էլ. եթե հավաքական հրավիրեի 4-5 գյումրեցի, այն ժամանակ էլ կգրեին, թե ինքը գյումրեցի է, դրա համար էլ շիրակցիներին է հրավիրում», – ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930