Հունիսի 3-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում կայացավ բերդավանցի Հմայակ Չիլինգարյանի հուշամրցաշարի եզրափակիչ խաղը: Հ. Չիլինգարյանը մահացել է 57 տարեկան հասակում, 2015թ.հունիսի 14-ին: Ռուսաստանում տաքսիստ աշխատած, չամուսնացած Հ. Չիլինգարյանը ֆուտբոլասեր էր, նա իր ազնիվ քրտինքով աշխատած գումարներից ուղարկում էր հայրենի Բերդավան՝ գյուղի ֆուտբոլային թիմերի համար մարզահագուստ եւ գնդակներ գնելու: Նրան նվիրված ֆուտբոլային մրցաշարը կազմակերպել էր Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:
Հուշամրցաշարին մասնակցում էր Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի մինչեւ 17 տարեկանների 8 թիմ: Եզրափակիչ խաղում մրցեցին սահմանամերձ գյուղերի՝ Բերդավանի եւ Ոսկեվանի թիմերը: Խաղից առաջ 2 թիմերի ֆուտբոլիստները ծաղիկներով այցի գնացին Հմայակ Չիլինգարյանի գերեզմանին, լռության րոպե հայտարարվեց: Ոչ բարեկարգ խաղադաշտ ունեցող Ոսկեվանի թիմի համար մի քանի ուժեղ թիմերի հաղթելը եւ եզրափակիչ դուրս գալն արդեն հաջողություն էր: Եզրափակիչում Բերդավանի թիմի (մարզիչ՝ Հայկ Ապրիկյան) առավելությունը մեծ էր, որը հաղթեց 9:1 հաշվով:
Կայացավ առաջնության հաղթող եւ մրցանակակիր թիմերի պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Առաջնության մրցանակակիր թիմերին տրվեցին գավաթներ, տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված պատանի ֆուտբոլիստներին՝ նվերներ եւ պատվոգրեր: Դրանք հանձնեցին Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը եւ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: Եզրափակիչ խաղին ներկա էին Հմայակ Չիլինգարյանի 2 քույրերը, ովքեր լավագույն թիմի եւ ֆուտբոլիստների համար նվերներ էին պատրաստել: Մրցաշարում աչքի ընկած ֆուտբոլիստներին նվերներ հանձնեց նաեւ Տավուշի մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Վրեժ Աբովյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ