Հունիսի 8-19-ը Երևանում անցկացվելու է «Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնը, որն այս տարի կազմակերպվում է 5-րդ անգամ:
Այս տարի փառատոնի մշակութային ուղղություններին (կինո, թատրոն, երգարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում) ավելացել է ևս մեկը. երիտասարդ ստեղծագործողներն իրենց ուժերը կարող են փորձել նաև գրականության մեջ (մասնավորապես՝ դրամատուրգիա և կինոսցենար):
Փառատոնի կազմակերպիչները որոշել են այս տարի մրցույթը նվիրել արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:
Ընդառաջ գնալով այդ որոշմանը՝ Ռուբեն Հովսեփյանի ընտանիքն էլ դրամական պարգև է նախատեսել այն 2 մասնակիցների համար, որոնց աշխատանքները լավագույնը կճանաչվեն «Դրամատուրգիա» և «Կինոսցենար» անվանակարգերում: Մրցանակակիրները կստանան 100.000-ական ՀՀ դրամի չափով պարգև:
«Դրամական մրցանակ սահմանելու գաղափարը մայրիկինս էր: Թեպետ այն շատ մեծ չէ, բայց կարծում ենք, որ երիտասարդ մարդու համար դա ոգևորիչ կլինի: Ինչ-որ առումով մեր ընտանիքը փորձում է աջակցել այս ոլորտում նոր ճանապարհ հարթող երիտասարդներին»,- ասում է Ռուբեն Հովսեփյանի դուստրը՝ Մոնի Հովսեփյանը:
Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ