Լրագրող Արեւիկ Սահակյանը հույս ունի, որ «Էլեկտրիկ-Երեւանի» իրադարձություններից մեկ տարի անց` ՀՀ նախագահի կողմից հնչեցրած ներողությունն` ուղղված լրագրողներին եւ իրենց իրավունքների համար պայքարողներին, ընդհանրապես, օդից առկախված չի մնա:
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի դիտում-քննարկում։ Ֆիլմը նոմինացվել է «Մեկ կադր» միջազգային փառատոնում՝ մրցութային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։
Ֆիլմի ռեժիսորն է «Հանրային լրագրության ակումբի» ղեկավար Սեդա Մուրադյանը:
#electricyerevan շարժման կազմակերպիչներից, քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը լրագրողի նման լավատես չէ: ՆՓԱԿ-ում` այսօր ֆիլմի քննարկման ժամանակ, Մաքսիմ Սարգսյանն ասաց. «Ինչպես ոստիկանապետի ներողությունը մնաց օդում, այնպես էլ նախագահինն է մնալու, վկան ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի-թաղում տեղի ունեցած իրադարձություններն էին: Իրականում համակարգում բարեփոխումներ չեն եղել»: Ակտիվիստն ափսոսում է, որ պահանջների կատարմանը չհաջողվեց հասնել, իսկ դասեր, կարծում է, բոլորս էլ քաղել ենք այդ իրադարձություններից:
Արեւիկ Սահակյանը թե՛ #electricyerevan-ի, թե՛ Սարի թաղի իրադարձություններն աննախադեպ է համարում`ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերով: Նա ուրախ է, որ միեւնույն է լրագրողները չեն ընկրկում եւ շարունակում են աշխատել թեժ կետերում:
#electricyerevan-ի ժամանակ, հիշեցնենք 13 լրագրող էր բերման ենթարկվել, տուժել էր 24 լրագրող:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ ոստիկանությունում տեղի ունեցած ծառայողական քննությունը դեկորատիվ բնույթ էր կրում, քանի որ որեւէ ոստիկան չպատժվեց: Իսկ պատժի ենթակա էին, ըստ նրա Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը ջրցանի կիրառման հրաման էր տվել, Ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որը ոստիկաններին ուժ կիրառելու հրամաններ էր տալիս: «Կատարող ոստիկաններից մի քանիսի բախտն ուղղակի չբերեց: 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, բայց երկու տար անց նրանք անգամ դատարանում չեն հայտնվել»,- ասաց Դանիել Իոաննիսյանը`հավելելով, որ իրականում, միջին մակարդակի ոստիկանները, ընդհուպ մինչեւ փոխոստիկանապետեր, հասկացան, որ կարող են ծեծել եւ չպատժվել: Ու դրա ավելի վառ դրսեւորումները տեսանք մեկ տարի անց, Սարի թաղի դեպքերով:
Ի դեպ, #electricyerevan-ի գործերով ընդամենը 50 տուժող կա: Դանիել Իոաննիսյանը համարում է, որ հասարակության մեջ է խնդիրը. «Մարդիկ չեն դիմում, եթե լիներ 400 տուժող, իշխանության համար խնդիր կլիներ»: Ամեն դեքում, նա համարում է, որ #electricyerevan-ը հաղթանակ էր:
Տիկնիկայի թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը համամիտ է` հաղթանակ էր, քանի որ ճիշտ արժեքային համակարգում էին գործողությունները. «Կենտրոնում մարդն էր»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ