Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կներդրվի ջրի առցանց ավտոմատ կառավարման համակարգ

Հունիս 03,2017 17:30

Հունիսի 3-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արարատյան դաշտի  ստորերկրյա ջրային ռեսուրսների 2017-2021 թվականների կառավարման պլանի, ինչպես նաև ջրային պաշարների վերականգնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային պետական կոմիտեի  ներկայացուցիչներ, Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ղեկավարներ:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնելով, որ աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման շրջանակներում, նշել է մշակվող փաստաթղթի հիմնական սկզբունքները. «Հանդիպման նպատակն այն է, որ բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկենք կարգավորման այն մոդելը, որը, մեր կարծիքով, պետք է հնարավորություն տա ամբողջ  ստորերկրյա ջրային պաշարը` նախ բերել, գոնե այս պահի դրությամբ,  նորմատիվնեով սահմանված չափաքանակին, այդ նպատակով իրականացնել գործողություններ, տրամադրելով նաև ժամանակ բիզնեսին` հարմարվելու այս կանոններին: Երկրորդ`  նպաստելու որպեսզի ձևավորվի Արարատյան ջրային ռեսուրսների պաշարներիր շուկան: Երրորդ` ընթացքում, երբ մենք ունենանք գիտականորեն հիմնավորված վերականգնվող ջրային ռեսուրսի մեծությունը, նաև դաշտը վերանայել` բիզնեսին էլ ավելի լավ պայմաններ առաջարկելու տեսակետից»:

Նախարարը շեշտել է, որ օրենքով հաստատված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ծավալը` 1.1 մլրդ խորանարդ մետրը, գիտականորեն նոր ուսումնասիրությունների միջոցով ճշգրտվելու խնդիր է դրված և այն արվելու է մոտ ժամանակներում: Ստորերկրյա խորքային ջրերի մակարդակը վերականգնելու համար կրճատումներ են իրականացվելու և´ ոռոգման,  և´ ձկնաբուծության համար օգտագործվող ջրերի ծավալներում: Ձկնաբուծության համար օգտագործվող 809 մլն խորանարդ մետրը նախատեսվում է նվազեցնել մինչև 400 մլն-ի, ոռոգման նպատակով 578 մլն խորանարդ մետր ներկայիս հաշվարկային կամ կողմնորոշիչ ծավալը պետք է նվազեցվի մինչև 228 մլն խորանարդ մետրի` նպատակ ունենալով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման ներկայի 1,6 մլրդ խորանարդ մետր ծավալը հասցնել 1,1 մլրդ խորանարդ մետրի: Ըստ նախարարի` եթե ձկնաբուծական տնտեսությունները կարողանան ջրի երկրորդային օգտագործման խնդիրները լուծեն` այսինքն օգտագործված ջուրը մաքրեն և բերեն ոռոգման համար պիտանիի որակի, ապա ջրի օգտագործման ծավալները նրանց մոտ քիչ կկրճատվեն: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ կառավարությունում մշակվում է և կընդունվի ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգի ներդրման տեխնիկական չափանիշները և ցանկացած անհատ կարող է ցանկացած տեղից գնել այդ սարքը,  որևէ ուղղորդում այս հարցում բացառվելու է: Իսկ ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հիմնական նպատական այն է, որ բացառվեն ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, վերացվի պետական ծառայողի և տնտեսվարողի անմիջական շփումը, ինչպես նաև ընկերությունների կողմից նախատեսվածից ավել ջրի օգտագործումը:

Ներկայացնելով նոր մշակվող կառավարման պլանը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը շեշտել է, որ Արարատյան  դաշտի ստորերկրյա ջրերի վերականգնման գործողությունների փաստաթղթով աշխատանքներ են իրականացվելու ստորերկրյա ջրերի օգտագործման բոլոր ուղղություններով` ոռոգման, կենցաղային, ձկնաբուծյության, արդյունաբերության: Հիմնական թիրախային միջոցառումները իրականացվելու են դաշտում դեռևս առկա ապօրինի  ջրօգտագործողների  ուղղությամբ: «Սակայն դա բավարար չի կարող լինել և պետությունը նախատեսում է նաև այլ միջոցառումներ, մասնավորապես` առկա ջրօգտագործման ծավալների վերանայում` նվազեցում: Այս միջոցառումները իրականացվելու են փուլային տարբերակով, որպեսզի դժվարություններ չստեղծվեն  ձեռներեցների համար: Ըստ կառավարման պլանի` բոլոր ջրօգտագործման թույլտվությունները հետ են կանչվելու և նոր պայմաններով նոր թույլտվություններ են տրվելու 3 տարի ժամկետով: Նախատեսվում է ավելի շատ ջրօգտագործման ծավալների նվազեցում այն ձկնաբուծական տնտեսություններում, որտեղ չեն ներդրվի ջրի խնայողությանը միտված նոր տեխնոլոգիաներ:  Նախատեսվում է նաև բոլոր ջրօգտագործող տնտեսություննրում և ընկերություններում տեղադրել առցանց ջրի ավտոմատ կառավարման համակարգ` ջրօգտագործումն առցանց վերահսկելի դարձնելու համար»,- նշել է Խ. Հակոբյանը:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը, համաձայնելով ջրի խնայողությանն ուղղված միջոցառումների հետ, նշել է, որ ձկնաբուծական տնտեսությունները ներկայում գտնվում են ծանր վիճակում և խնդրել է ավտոմատ ջրաչափական համակարգի ձեռքբերումը չվերապահել միայն տնտեսություններին, քանի որ դրանք բավականին բարձր արժեք ունեն:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը շեշտել է, որ առաջնային խնդիր է Արարատյան ստորերկրյա ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումը և այդ ուղղությամբ տարվող քայլերը չպետք է վնասեն ձեռներեցներին: Այդ նպատակով էլ կազմակերպվել է քննարկումը, որպեսզի գտնեն փոխադարձ ընդունելի լուծումներ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդրի լուծումը գտնվում է ՀՀ Նախագահի և վարչապետի վերահսկողության ներքո և այն լուծելու վճռական և անբեկանելի քայլեր են իրականացվում: Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում և` սկսել է ամենախոշոր 10 ընկերություններից: Արձանագրելով, որ քննարկման բոլոր կողմերն էլ համաձայն են առցանց ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգի ներդրման առաջարկի հետ, Արծվիկ Մինասյանը նշել է, որ դրանց տեղադրման և սպասարկման հարցերի ուղղությամբ կկազմակերպվեն քննարկումներ և կդիտարկվեն հնարավոր բոլոր մեխանիզմները:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Կներդրվի առցանց ջրի ավտոմատ կառավարման համակարգ – Կներդրվի ջրի առցանց ավտոմատ կառավարման համակարգ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930