«Փյունիկ» ՖԱ նոր սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց ակումբի նախկին սեփականատեր Հայրապետյանների ընտանիքին բարձրակարգ ակումբ եւ ֆուտբոլի ակադեմիա ստեղծելու համար, որը ֆուտբոլի համար աճեցրել է Հենրիխ Մխիթարյան, Վարդան Մինասյան եւ հիանալի այլ ֆուտբոլիստների սերունդներ:
«Ուրախ եմ, որ միանում եմ այս պատմությանը եւ հուսով եմ, որ մենք կկարողանանք ակումբի զարգացումը շարունակել: Մի անգամից եմ ուզում ասել. գործարքը, որ հիմա ընթացքի մեջ է, միանգամայն անհատույց է, ֆինանսական ոչ մի ցուցանիշ չկա: Ակումբը մեզ փոխանցվել է անվճար: Ցավոք, այսօր Հայաստանում ակումբներն այնպիսի վիճակում են, որ ավելի շատ ծախսեր են պահանջում: Բայց հույս ունեմ, որ աստիճանաբար ամեն բան կփոխվի: Կարծում եմ, որ բացի ինձանից էլի մարդիկ կգտնվեն Հայաստանում եւ դրսում, որոնք ներդրումներ կկատարեն հայկական ֆուտբոլում եւ բոլորս միասին ֆուտբոլն ավելի հետաքրքիր կդարձնենք հանդիսատեսների համար եւ ֆինանսական առումով:
«Փյունիկ» ակումբի նախկին նախագահ Ռաֆիկ Հայրապետյանն էլ ավելացրեց, որ այս քայլին Հայրապետյան ընտանիքը գնացել է զուտ այն բանի համար, որպեսզի ֆեդերացիայի նախագահը ոչ մի կապ չունենա որեւէ ակումբի հետ: «Վերջապես հայտնվեց մի մարդ, որը կարող է շարունակել մեր գործը եւ մեծ ներդրում ունենալ ակումբում: Կասկած չունեմ, որ հաջողություններն ու հաղթանակները շարունակելու են քայլել «Փյունիկի» հետ կողք-կողքի: Ակումբին եւ ակումբի նոր սեփականատերերին մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ», – ասաց նա:
Արթուր Սողոմոնյանը դժվարացավ հիմա ասել, թե տարեկան որքան ներդրում կկատարվի ակումբում, բայց հավաստիացրեց, որ այն կկազմի մեկ, երկու, ինչու չէ, նաեւ՝ երեք միլիոն դոլար: Արթուր Սողոմոնյանը նշեց նաեւ, որ իրեն դուր է գալիս եւ ուզում է շարունակել նախկին սեփականատերերի այն քաղաքականությունը, որ գլխավոր թիմում հիմնական շեշտը դրվում է ոչ թե լեգեոներականներ հրավիրելու, այլ սեփական կադրեր աճեցնելու եւ դրանցով թիմը համալրելու վրա: Նա նաեւ հաստատեց, որ ակումբի անունը փոխելու մտադրություն կա: «Մի քանի տարբերակ կա, բայց անվանափոխությանը ավելի ուշ կանդրադառնանք: Ինձ, օրինակ, դուր է գալիս «Արագած» անունը: Եթե Արարատը համայն հայության լեռն է, Արագածը Հայաստանի ամենաբարձր գագաթն է: Բայց դեռ պետք է քննարկում լինի», – ասաց Արթուր Սողոմոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ