«30-ից ավել անկախ մասնագիտական կարծիք ունենք Ամուլսարի վերաբերյալ»,- հունիսի 3-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նրա կարծիքով՝ Ամուլսարի ծրագիրը զուտ քաղաքական որոշում է, և ծրագրին աջակցում են Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության դեսպանատները. «Եթե մենք նայենք Սևանի հանձնաժողովին, հանձնաժողովը 2012 թվականին տվեց շատ կոշտ բացասական եզրակացություն, և ուսումնասիրել է բոլոր ռիսկերը: Երկու տարուց հետո նրանք տվել են դրական եզրակացություն: Մենք պաշտոնական հարցում ենք ուղղել հանձնաժողովին, որպեսզի մեզ տան հիմնավորում»:
Ինգա Զարաֆյանը նշեց, որ հանքի շահագործման ժամկետը 10 տարի է. «Մեր կառավարությունը լուրջ հարցում լուրջ պատասխանատվության պետք է ներկայացնի ընկերությանը և ընկերությունից ստանա ինչ-որ երաշխիքներ: Ես կարծում եմ, որ դրանք պետք է ֆինանսական երաշխիքներ լինեն: Ինչքան ես գիտեմ, այդպիսի ֆինանսական երաշխիքներ չկան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ