Հունիսի 3-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացան ՀԱՀ-ի բակալավրի ծրագրի շրջանավարտների անդրանիկ և մագիստրոսի ծրագրի շրջանավարտների 25-րդ ավարտական հանդիսությունները: Բակալավրի կոչումով ավարտական դիպլոմներ հանձնվեցին 190 շրջանավարտի, իսկ մագիստրոսի աստիճանով` 210 -ի: Այս տարի մեկնարկում է «Բնագիտություն և ճարտարագիտություն» բակալավրական քառամյա կրթական ծրագիրը, որպես ՀԱՀ հումանիտար կրթության մի մաս, որը բազում մասնագիտական ուղղվածություններ է ներառում, ինչպես նաև բացվում է նոր բաժին, որը կշնորհի Ստրատեգիական կառավարման մագիստրոսի աստիճան։
Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը համոզված է, որ մրցունակ շրջանավարտներ են պատրաստում: Նա նշեց, որ հատկապես համակարգչային գիտության բաժինը ավելի կզարգանա:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ձեւակերպմամբ՝ այս ամենով հանդերձ առողջ մրցակցությունը նոր որակ կբերի հայկական կրթական դաշտին. «Ամերիկյան համալսարանը համարձակ քայլի է գնացել եւ շատ գնահատելի է, որ փորձում է իր ծրագիրը ձեւավորել բնագիտության ոլորտում: Մենք ունենք այնպիսի մասնագիտություններ, որին աշխարհի շատ ժողովուրդներ կնախանձեն, մանավանդ այդ ուղղություններով բարձր որակ ունենալն ինքնին արժեք է»: Նախարարի խոսքով, պատվիրատուն պետք է լինի շուկան, բայց միաժամանակ համալսարանները ճիշտ կառուցելով իրենց ներսում մասնագիտությունների բաշխումը` կարող են ազդել շուկայի վրա:
«Անհամեմատելի է գիտելիքի այն խորությունը և որակը, որ տվել է ինձ Ամերիկյան համալսարանը ի տարբերություն նրա ինչ ստացել եմ Ռուսաստանի ավագ դպրոցում։ Այստեղ մասնագետները ոչ թե պահանջում՝ այլ սովորեցնում են, քաջալերում, գիտելիք տալիս։ Արթնանում է պատասխանատվության մեծ զգացում։ ՀԱՀ-ն ինձ օգնեց հաղթահարել բարդույթներս և դառնալ ինքնավստահ։ Համալսարանը իմ կյանքի գրքի ամենագեղեցիկ գլուխն է, որը թեպետ ավարտվեց, բայց ես միշտ կհիշեմ նրան»,- ասաց ՀԱՀ բակալավրի շրջանավարտ Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանից:
Իսկ Փաթիլ Վարդանյանը Սաուդյան Արաբիայից հավելեց. «Երախտապարտ եմ, որ ունեցել եմ ՀԱՀ-ում սովորելու հնարավորություն: Այստեղ եմ անցկացրել կյանքիս ամենակարևոր ու հետաքրքիր տարիները։ ՀԱՀ-ը ինձ տվեց այնպիսի կրթություն, որը վաղվա իմ լավ ապագայի գրավականն է»։
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` www.agbu.am կայքից: