Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության պահուստային ֆոնդից Վանաձորի ճանապարհների նորոգման համար կհատկացվի 300 միլիոն դրամ (Ֆոտոշարք)

Հունիս 03,2017 15:22

Վանաձորի ներհամայնքային ճանապարհները շարունակում են անհարմարություններ պատճառել վարորդներին: Նրանք դժգոհում են, որ անբարեկարգ փողոցների պատճառով մեքենաները վնասվում են, իսկ աշխատած գումարը ծախսում են միայն մեքենաները վերանորոգելու համար: Քաղաքում փոսալցում իրականացնելու նպատակով յուրաքանչյուր տարի բյուջեից հատկացվում է որոշակի գումար: Այս տարի այդ աշխատանքները կատարելու համար նախատեսված է 100 մլն. դրամ:

Թեեւ մրցույթը շահած կազմակերպության հետ պայմանագիրը կնքված է մայիսի 11-ից, սակայն մինչ օրս կատարված աշխատանքներն այդքան էլ տեսանելի չեն: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, որ աշխատանքները ձգձգվելու հիմնական պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են. «Նախորդ օրը ես ճանապարհաշինարարների հետ էի զրուցում, կոշտ խոսակցություն եղավ: Բայց իրենք էլ բացատրում էին, որ եղանակային պայմանները լավը չեն եղել: Մայիս ամսին ընդամենը 5 օր է արեւ եղել: Եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում սխալ է փոսալցում անելը: Ես էլ եմ վարորդ, ինձ էլ չի հաճելի այդ վիճակը, բայց եղանակը թույլ չի տալիս: Հիմա արագ տեմպերով անում են, ինչքան հնարավոր է, որ եղանակի հետ հարմարեցնենք: Դա էլ խոսակցությունների թեմա չդառնա, որ անձրեւի ժամանակ ասֆալտապատում է իրականացվում»:

Մայիսի 31-ին մարզկենտրոնը սպասարկող մի քանի երթուղիների 20-ից ավելի վարորդներ դադարեցրել էին իրենց աշխատանքն ու գործադուլ էին անում։ Նրանք պահանջում էին, որպեսզի քաղաքի ճանապարհները բերվեն պատշաճ տեսքի:

Քաղաքապետարանում վարորդներին վստահեցրել էին, որ մի քանի օրվա ընթացքում կիրականացվեն փոսալցումներ. «Փոսերի կտրտման աշխատանքները, որ կատարել էին, ավելի շատ դա է տրանսպորտային միջոցներին նեղություն տալիս: Որովհետեւ, եթե փոսը մշակված է, ինքը սուր ծայր ունի եւ անվահեծերի համար շատ բարդ է երթեւեկելը: Դա էր հիմնական դժգոհության պատճառը եղել: Մի քանի օրվա մեջ կտրտած մասերը կվերանորոգվի, որից հետո կանցնենք գրաֆիկով աշխատանքին»,- ասում է Մամիկոն Ասլանյանը:

Կառավարության պահուստային ֆոնդից ճանապարհները նորոգելու համար այս տարի Վանաձորին կհատկացվի 300 մլն. դրամ. «Քաղաքի ավտոճանապարհների համար լրացուցիչ գումար է տրվելու: Գումարն էլ, երբ որ ռեալ կլինի, արդեն կորոշվենք, թե հիմնանորոգում կանենք, թե փոսային լցում: Հիմնանորոգման համար սա շատ քիչ գումար է: Եթե ամբողջությամբ ճանապարհը կապիտալ նորոգվի, ապա ամեն կիլոմետրը մոտավորապես կկազմի՝ 300-400 մլն. դրամ»,- ասաց քաղաքապետը:

220 կմ երկարություն ունեցող Վանաձորի ճանապարհները տարիներ շարունակ վերանորոգվել են հիմնականում փոսային նորոգումների միջոցով: Վերջին անգամ քաղաքում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել են մի քանի տարի առաջ: Հիմնանորոգել են՝ Տիգրան Մեծ պողոտան եւ Թումանյան փողոցի մի հատվածը:

«Վերջին 20-30 տարում, բայցի այդ փողոցները, քաղաքի հիմական փողոցներից որեւէ մեկը չի  հիմնանորոգվել: Շինարարական տեսակետից դա հավելյալ դժվարություն է առաջացնում՝ լցրած փոսերը չեն դիմանում, որովհետեւ հիմքերն արդեն խարխլված են»,-ասում է Մամիկոն Ասլանյանը:

Իսկ մինչ այդ, նախատեսվում է, որ այժմ իրականացվող փոսային նորոգման աշխատանքները կավարտվեն մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930