Հունիսի 1-ին Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում հանդիսավոր պայմաններում բացվեց «Շրջագայություն» թեմայով կերպարվեստի 45-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը, որն ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի ամենախոշոր և հին մանկական ցուցահանդեսներից մեկն է:
Այս տարի միջազգային ձեռնարկին մասնակցում է 83 պետություն և 1834 կազմակերպություն, ցուցադրության է դրվել 25690 աշխատանք: Ժյուրին 76 պետությունների 531 աշխատանքների շնորհել է մրցանակներ, որից 94-ը` մեդալներ: Հայաստանի երեխաների պատվոգրերը, ինչպես և նախորդ տարիներին, կրկին բազմաթիվ էին: «Լիդիցեի վարդ» մեդալին արժանացավ Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի 8-ամյա սան Նարե Թովմասյանը. դպրոցի մի այլ սան` 14-ամյա Լիանա Մարտիրոսյանը, արժանացավ պատվոգրի:
Պատվոգրեր տրվեցին նաև Կապանի գեղարվեստի մանկական դպրոցից 15-ամյա Հասմիկ Կարապետյանին, Ներքին Գետաշենի թիվ 2 դպրոցի 8-ամյա աշակերտ Մաքսիմ Բաղդասարյանին և Երևանի Վարդգես Գուլիկյանի անվան արվեստի դպրոցի 10-ամյա սան Լիլյա Մարգարյանին: Մեդալն ու պատվոգրերը կուղարկվեն Հայաստան և հանդիսավոր պայմաններում կհանձնվեն հաղթողներին: Լիդիցեի ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2017թ. նոյեմբերի 30-ը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն