«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
-Որպես արտախորհրդարանական ուժ՝ ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-ի առաջիկա հինգ տարիների գործունեությունը։
– Շատ սովորական։ Մինչեւ 2012թ․ խորհրդարան մուտք գործելը մենք եղել ենք արտախորհրդարանական ուժ, արմատական ընդդիմություն։ Այդպես էլ շարունակում ենք մնալ։ Որոշ ժամանակ կքննարկենք, նորովի կվերլուծենք իրադարձությունները եւ կորոշենք մեր անելիքները։ Բայց որ մենք մնալու ենք ակտիվ քաղաքականության մեջ եւ մնալու ենք որպես ընդդիմադիր ուժ՝ անկասկած է։ Դեռ հանդիպումներ չենք ունենում, ժամանակավոր դադար ենք տվել։ Իսկ առաջիկայում կորոշենք մեր անելիքները, մենք չենք հաշտվելու ներկա իրողությունների հետ եւ շարունակելու ենք պայքարել։
– «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց, որ արտախորհրդարանական ուժերը համագործակցեն, փոքր կուսակցությունները միավորվեն, խոշորանան, որպեսզի կարողանան արդյունքի հասնել։ ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է համագործակցել այլ ուժերի հետ, տեսնո՞ւմ է միավորման հեռանկար գաղափարակից այլ ուժերի հետ։ Ժամանակին ՀԱԿ-ը համագործակցում էր «Ժառանգության» հետ, «Ազատ դեմոկրատները» տարանջատվել է ՀԱԿ-ից։
– Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը։ Ինչ վերաբերում է փոքր կուսակցությունների միավորմանը, ապա մենք փոքր կուսակցություն չենք։ Մենք եղել եւ մնում ենք շատ լուրջ կուսակցություն եւ Հայաստանում եզակի կուսակցություններից մեկն ենք, որ ամբողջ երկրով մեկ ունենք մեր կուսակցական բջիջները, կառույցները։ Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցելուն, ապա դա ոչ ոք չի կարող բացառել։ Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ երբեք չպետք է ասել՝ երբեք։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ զարգացումներ կլինեն։ Մենք նույնիսկ ՀՅԴ-ի հետ ենք ինչ-որ ժամանակահատված համագործակցել։ Այսինքն, եթե խնդիրները դրվեն այնպես, եւ պահանջը կլինի այնպիսին, որ մենք ընդհանուր ճանապարհ կունենանք գնալու, չի բացառվում, որ համագործակցենք:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում