Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները քննարկում են հայ-վրացական հարաբերությունները

Հունիս 03,2017 12:13

«Դուք ուրիշ սերունդ եք, դուք Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն եք եւ առավելություն ունեք`խնդիրները դիտարկել առանց սահմանափակումների եւ համագործակցությունների նոր ուղղություններ գտնել»,- հայ եւ վրացի ուսանողներին այսօր այսպես դիմեց Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս Քեթեւան Խուցիշվիլին:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ, այսօր Երեւանում կայացավ  ուսանողական կլոր սեղան-քննարկում`«Փնտրելով հայ-վրացական համագործակցության արդյունավետ ռազմավարություններ, գիտական և ուսանողական տեսնակյուն» խորագրով: Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվում է «Հայ-վրացական համագործակցության ռազմավարություններ՝ գիտական հաստատությունների և ուսանողների ներգրավմամբ – 2»  ծրագրի շրջանակում:

Ծրագիրն իրականացվում է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի կողմից` ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի, Վրաստանի մարդաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կովկասյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանի և Վրաստանի բուհերի ասպիրանտուրայում, մագիստրատուրայում և բակալավրի ավարտական կուրսերում սովորող 24 ուսանող ծրագրում ընդգրկված գիտական ուղղորդողների աջակցությամբ իրականացրել են համատեղ հետազոտություններ: Նախապատրաստվում է հաջողված աշխատանքների տպագրություն, որը հասանելի կլինի նաև առցանց:

Ծրագրի ընթացիկ փուլում գիտական ուղղորդողների և ծրագրի թիմի այլ անդամների աջակցությամբ ուսանողները նախապատրաստել են կլոր-սեղան քննարկումներ Երևանում և Թբիլիսիում: Երևանում ծրագրի մասնակիցները և հյուրերը քննարկում էին իրենց մոտեցումները հայ-վրացական համագործակցության շուրջ` հիմնվելով իրենց իսկ մասնագիտական և համատեղ ծրագրերում մասնակցության փորձի քննության վրա:

ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն իր բացման խոսքում նկատեց`այս հարթակում համագործակցությունը տարիների փորձ ունի: Նպատակն է` հասկանալ հայ-վրացական հարաբերությունների խորացման, սերտացման  նոր հնարավորությունները:

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ նկատեց`տասը տարի առաջ, երբ փորձագետները խոսում էին Սամցխե-Ջավախեթիի խնդիրների մասին, այդ ժամանակ այդ խնդիրները բոլոր կողմերի կողմից շատ սուր էր ընկալվում, հարցն էթնիկացվում էր, բայց տարիների աշխատանքը հնարավորություն տվեց առկա խնդիրներն այլ տեսանկյունից ընկալման բերել, մոտեցումների մերձեցման: Քաղաքագետը նկատում է, որ մոտեցումները հաճախ նույնական էին, պարզապես դրանց անվանումներն էին տարբեր, ինչը կողմերը չէին ցանկանում ընդունել: «Հաճախ երկու երկրները, երրորդ երկրների հետ համագործակցությունների պրիզմայով են դիտարկում երկկողմ հարաբերությունները: Կան Հայաստանի եւ Վրաստանի ազգային շահեր, որոնք երբեմն կարող են շոշափել թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի հետաքրքրությունները`կապված Թուրքիայի, Ադրբեջանի ՌԴ-ի հետ, բայց փորձագիտական մակարդակում ակտիվ համագործակցությունը կարող է նպաստել այդ խնդիրների`առվել դյուրին հաղթահարմանը»: Քաղաքագետի կարծիքով, հայ-վրացական հարաբերություններն այնպիսին են, որ ակադեմիական բանավեճը առաջիկա տասնամյակներում դեռ պահանջված է լինելու: Նա կարծում է, որ այդ բանավեճում պետք է ընդգրկվեն ամենատարբեր մասնագետները`քաղաքագետներ, տնտեսագետներ, պատմաբաններ, հնէաբաններ, հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներ եւ այլն: «Մեր հարաբերություներում կարեւորը եւ առաջնայինը պետք է լինի ընդհանրությունների ստեղծումը, որը կվերաճի քաղաքական, տնտեսական օրակարգերի»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930