Հայաստանում «Ավրորա» խաղաղության մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի անց System of a Down ռոք խմբի անդամները ավելի շատ հնարավորություններ են տեսնում՝ Հայաստանը օտարերկրացիների համար գրավիչ դարձնելու համար, այդ թվում, միգուցե, երաժշտական փառատոնների միջոցով:
Հենց խմբի անդամներից Սերժ Թանկյանն էլ անցյալ տարի հեղինակել էր մրցանակաբաշխության թեմատիկ երգը:
Այս տարի մայիսի 28-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Սերժ Թանկյանը ներկա չէր համերգային շրջագայությունների պատճառով: Այնուամենայնիվ, նա տեսաուղերձով շնորհավորել է մրցանակակիր բժիշկ Թոմ Կատինային :
«Մարդկության ցանկացած խումբ, որը դաժան տառապանքների է ենթարկվել՝ կլինի ցեղասպանության, կամ մարդու կողմից արված այլ տեսակի աղետից, պետք է ցավակցություն և ըմբռնում դրսևորի ավելի լավ, քան ցանկացած մեկը»,- ասել է Թանկյանը AFP գործակալության հետ զրույցում:
Թանկյանը նաև նշել է, որ հաճախ մարդիկ չեն կարողանում դասեր քաղել իրենց նախնիների ցավից:
«Շատ ցավալի է, որ մարդիկ, որոնք կամ որոնց պապերը դաժան տառապանքների են ենթարկվել մինչ այժմ կյանքի նկատմամբ ունեն ակնհայտորեն եսակենտրոն և անհեռատես դիրքորոշում՝ այն առումով, թե ինչպես են նրանք տեսնում իրենց կյանքը և ինչպես են ծախսում իրենց գումարները»,- ասել է նա:
Թանկյանը նշել է, որ ինքը ավելի շատ բան է ուզում անել Հայաստանում և ցանկանում է երաժշտական փառատոն հիմնել:
Երաժիշտը հույս է հայտնել, որ Հայաստանը թեև արևմտյան երաժիշտների համար ճանաչված ուղղություն չէ, բայց կարող է միանալ եվրոպական ամառային փառատոններին:
«Ես միշտ երազել եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնել»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ