Երեկ ծանոթացա «PicsArt» սոցիալական ցանցի եւ ֆոտոխմբագրման հավելվածի գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ IT ոլորտի ձեռնարկությունները Հայաստանում աշխատանքի նոր մշակույթի եւ կասեի անգամ՝ կյանքի ժամանակակից ընկալման առաջամարտիկներն են: Կասկած չկա, որ այդ ոլորտը կլինի ոչ միայն տնտեսության, այլեւ կրթության, առողջապահության, էներգետիկայի եւ, ամենակարեւորը, ռազմարդյունաբերության լոկոմոտիվը: Իսկ սա չի կարող չբերել նաեւ այլ հասարակական փոփոխությունների:
Բերեմ տարրական օրինակ: Անհատ տաքսիստները բողոքում են համացանցով եւ նավիգատորով աշխատող տաքսի ծառայություններից: Ո՞վ է հաղթելու այդ պայքարում՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական դիրքերից է այդ կոնֆլիկտը մեկնաբանում: Բնականաբար, ծառայությունները, որոնք շատանալու են եւ մրցակցելու են իրար հետ: Չսափրված, ծխող, ռաբիս երաժշտություն լսող եւ հաճախորդի հետ քաղաքական բամբասանքները քննարկող տաքսիստները պարտվելու են: Իսկ պարտվելուց հետո նրանք կա՛մ կսափրվեն եւ կփորձեն նույնպես նորմալ ծառայություններ մատուցել, կա՛մ էլ կանցնեն այլ ոլորտ, որտեղ նույնպես նոր որակներ կպահանջվեն:
Հնարավոր չէ հաղթել առաջընթացը: Որքան էլ մարդիկ պայքարում էին հաստոցների դեմ՝ ասելով, որ ձեռքի աշխատանքով զբաղվողները գործազուրկ կմնան, միեւնույն է՝ ձեռնտու գործիքը հաստոցն է: Հիմա էլ ձեռնտու գործիքը համացանցն է: Կամ մեկ այլ օրինակ՝ որքան էլ տեղացի եւ միջազգային օլիգարխները մեզ վրա նավթ եւ գազ ծախեն, միեւնույն է, մոտ ապագայում մարդիկ իրենց տները տաքացնելու են եւ լուսավորելու են քամու եւ արեւի էներգիայով, նույն այդ էներգիայով լիցքավորելու են իրենց մեքենաների մարտկոցները: Դա, ի դեպ, բերելու է բռնապետական «նավթային ռեժիմների» տապալման:
Վերջերս իմ բարեկամ Տիգրան Հակոբյանը «Մեդիամաքսում» հրապարակել էր մի հոդված, որի գլխավոր միտքը ես հասկանում եմ այսպես. հնարավոր չէ համատեղել «Ավրորայի» տիպի նախաձեռնությունը «Սովետի» վատագույն ավանդույթները ժառանգած եւ 25 տարում ճահճացած չինովնիկական դրսեւորումների եւ հասարակական բարքերի հետ: Դա, իհարկե, ճիշտ է: Բայց ինչո՞ւ միայն «Ավրորան»: Վերջին 5-6 տարում ես Հայաստանում նկատում եմ երեւույթներ, որոնք անհամատեղելի են «հետխորհրդային» տրամաբանության հետ: Եվ դա ոչ միայն IT ոլորտի ընկերություններն են՝ մեր նախարարների, պատգամավորների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք «պոստսովետ» չեն: Վաղ թե ուշ նրանք կփոխարինեն մեր աչքի համար սովորական դարձած «ճահիճը»:
Մի քանի օր առաջ բանավեճի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հակադարձեց ռուսաստանցի պատգամավոր Նիկոնովին, որը Վրաստանն անվանեց «հետխորհրդային» երկիր: Նա կոչ արեց հրաժարվել «պոստ» նախածանցից` պնդելով, որ Վրաստանն Արեւելյան Եվրոպայի երկիր է: Անկախ նրանից՝ այդպես է դա, թե ոչ, դա մի ուղղություն է, որով պետք է գնալ: Նաեւ՝ մեզ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ապագան ռազմավարական բարձունքն է, ով կգրավի այդ բարձունքը, նա էլ տեղ կունենա ապագայում: Երբ հայ գիտնականը հայ ճարտարագետի հետ միասին ստեղծեն այնպիսի մտածող սարք, որն ասենք կթեթեւացնի հայ կնոջ տնային հոգսերը՝ աման լվա, տունը հավաքի, երեխաներին զբաղեցնի ու նման լավ բաներ եւ դա լինի մնացած՝ հատկապես հասուն ազգերի կանանց երազանքը, այդ դեպքում մեր ազգի ապագայում գոյությունը ապահովված է: Այսօրվա մեր ազգի դժվարություններից դուրս գալու լուծումը ապագայում պետք է լինի հենց մեր ապագա գիտնականի ու ճարտարագետի կրթումը, դաստիարակումը, պաշտպանությունը, իսկ մեր գիտնականի ու ճարտարագետի հպարտությունը պետք է լինի ոչ թե այլ ազգերին դուր գալը, այլ պետք է հպարտանան, որ հայ կինը (հայ երեխան, հայ զինվորը, հայ քաղաքացին) երախտապարտ են հայ գիտնականին ու հայ ճարտարագետին ու հպարտ են, որ իրենք հայ են:
Հավատանք հայ բազկի ու հայ խելքի ու ոգու ու հայ քսակի փոխշահավետ ու ինքնաբավ համագործակցությանը:
Ps 06․06․2017 Հովհաննես Ավոյանի հետ հարցազրույցի ազդեցությունն ա՞(լավ իմաստով) էս խմբագրականը։
Այո, հենց սկզբից էլ դրա մասին գրված է
Հայաստանը ոչ եվրոպական է, ոչ էլ ասիական: Այն ՄԻՋԻՆ օղակ է:
Իսկ եթե շատ աշխատենք ու քիչ փիլիսոփայենք, ապա կդառնանք նաև ԿԱՊՈՂ օղակ
իսկ քանի որ այժմ այդ «կապող օղակը» Թուրքիան է,
իրօք բաւականին շա՜տ աշխատելիք ունենք,
փոխանակ տեսական-գաղափարական թափառումներով մենք մեզ ներքնապէս քայքայենք, պարբերաբար զիրար բզկտելով