Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասաց, որ տանն ընդամենը մի մահճակալ է, երկուսով պառկենք դրա վրա, որպեսզի ինքը հանի «թուղթ ու գիրը»

Հունիս 03,2017 15:00

Զինվորական աշխատանքից զատ՝ զբաղվել է նաեւ բախտագուշակությամբ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մարտյան դատավճռի դեմ բողոք բերած երիտասարդը դատապարտվել էր մեկ տարի ազատազրկման, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, սակայն պայմանական այն չի կիրառվի:

Սակայն ամբաստանյալը վերաքննիչ քրեական դատարանից խնդրում էր թողնել կրելու դատավճռով նշանակված իր պատիժը:

Մարտի 9-ի դատական նիստն ընթացել էր արագացված դատական քննության կարգով:
Ամբաստանյալն ուներ բարձրագույն կրթություն, ամուսնացած չէր, իսկ նրա խնամքին էին երկու անձ: Բնակվում էր միայնակ, վարձակալության հիմունքներով տանը: Նա զբաղվում է մանրածախ առեւտրով: Կենսագրությանը ծանոթանալիս, մանրածախ առեւտրով զբաղվելուց բացի, այս անձի դիմաց նշված էր, որ նա պաշտպանության նախարարության իքս-զորամասի 2-րդ ինժեներա-սակրավորային գումարտակի ավագն է։

Անցյալ տարվա օգոստոսից նախաքննության մարմնի կողմից 28-ամյա երիտասարդի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց «Ստորագրություն չհեռանալու մասին», բայց եւ միաժամանակ հայտարարվել էր հետախուզում։

Նրան հայտնաբերելուց հետո անդրանիկ դատական նիստը նշանակվել էր այս տարվա հունվարի 24-ին։

Ըստ քրեական գործի նյութերի, երիտասարդը, «զինվորական աշխատանքից զատ, զբաղվել է նաեւ բախտագուշակությամբ»։ Նա գուշակություններ կատարելու նպատակով ծանոթացել էր գործով տուժող մի ընտանիքի անդամների հետ, մտերմացել նրանց հետ:
Քրեական գործում առկա դրվագներից մեկի համաձայն, «թուղթ ու գիր» հանելու նպատակով տաքսի ավտոմեքենայով նա իր ծանոթին նախ բերում է իր վարձակալած տունը: Տանտիրոջ հյուրասիրության մեջ մտնում էր գարեջուրը, «էներգետիկ ըմպելիքը»: Ամբաստանյալը ծանոթին ասում է. «Տանն ընդամենը մեկ մահճակալ կա եւ որ պետք է երկուսով պառկեն դրա վրա, որպեսզի ինքը հանի նրա վրայից «թուղթ ու գիրը», նրան էլ «էներգիա տա»։

«Դե, երեւի մի բան գիտի»,-մտածում է տուժողը եւ մի քանի ժամ ամբաստանյալի հետ անցկացնում անկողնում: Այդ ժամանակ ամբաստանյալը մերսումներ է անում, մերսում տուժողի մարմինը, փորը, որովայնը։ Երբ ձեռքով կպչում է քիչ ներքեւ, տուժողը կարծում է, թե իր նկատմամբ «սեռական ոտնձգություն կատարվեց», ծեծում է ամբաստանյալին: Ծեծից հետո ուշ գիշերով տուժողը դուրս է գալիս բախտագուշակի տնից, սակայն մոտը գումար չլինելու պատճառով կրկին վերադառնում, ճանապարհածախսի համար 23.000 ՀՀ դրամ է վերցնում:

Դրանից հետո, ամբաստանյալը զանգում է զորամաս, հայտնում, որ իրեն ծեծի են ենթարկել։ Բնականաբար, իր հետեւից եկած զորամասի աշխատակցին թաքցնում է եղելությունը, ասում է, թե իր տուն գողություն անելու համար էին եկել, ծեծի են ենթարկել իրեն։ Ի դեպ, նա հրաժարվել էր ոստիկաններին հաղորդում տալ եւ դեպքի մանրամասները ներկայացնել: Զորամասի աշխատակիցը նրան տեղափոխում է հիվանդանոց:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ երիտասարդը նախկինում դատված, արատավորված
չի եղել, զղջում է կատարածի համար, դրական էր բնութագրվում:

Ըստ դատարանի՝ «ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ազատազրկման ձեւով, քանի որ նման պատիժ նշանակելով՝ հնարավոր է հասնել պատժի նպատակներին` պատժի ենթարկված անձի ուղղմանը, հանցագործությունների կանխմանը»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930