Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիերայիս համար պատրաստ եմ ամեն ինչի»

Հունիս 03,2017 14:30

Ասում է «Քեզ համար, Ազնավուր» համերգի մասնակից Տիգրան Քախվեջյանը

«Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…»,- «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» գրքում հիշում է լեգենդար շանսոնյեն:

«Առավոտը» ներկա գտնվելով «Քեզ համար, Ազնավուր» երեկոյի գլխավոր փորձին, զրույցի հրավիրեց ծրագրում ընդգրկված, շոու-բիզնեսում առաջին քայլերը կատարող երիտասարդ երգիչ Տիգրան Քախվեջյանին, որին հանդիսատեսը կմտաբերի «Հայաստանի ձայնը» նախագծից. նա Եվա Ռիվասի թիմի երեք ֆինալիստներից մեկն էր:

Հետաքրքրվեցինք՝ իր կարիերայի սկիզբը, ինչպես Ազնավուրն է հիշում՝ պարտություններով ու դժվարություններո՞վ է եւ ո՞վ է իր հենարանը: «Հենարանս, առաջին հերթին՝ միանշանակ, ընտանիքս է: Կողքիս ունեմ շատ-շատ բարի կամեցողներ: Բախտս բերել է նաեւ դասախոսներիս առումով: Ուսումս զուգահեռում եմ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի ֆակուլտետներում: Վոկալի դասախոսս՝ ճանաչված օպերային բարիտոն Առնոլդ Քոչարյանը առաջին օրվանից տեղեկացված է, որ ինձ հոգեհարազատ է շոու-բիզնեսը, թեեւ չի բացառվում նաեւ օպերային բեմը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Ռեպլիկին՝ իսկ համալսարանի դասախոսնե՞րը…, Տիգրանը ժպտալով պատասխանեց. «Դասախոսներս հաճախ են կրկնում՝ մենք քեզ կներենք միայն մի դեպքում՝ եթե դառնաս ճանաչված երգիչ»: Հավելեց նաեւ, որ իր աշխատանքով՝ որպես դիզայներ, մասնակցել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկին: Հետո էլ մտաբերեց, թե տարիներ առաջ Գերմանիայում հրատարակված Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքները ներկայացնող գիրք-ալբոմի շապիկին իր «Քրիստոսի համբարձումը» աշխատանքն է:

Տիգրան Քախվեջյանն անդրադառնալով իր երգչական կարիերային, ասաց, թե անցյալ տարի Լատվիայում անցկացված «Riga simphony» մրցույթին, որին մասնակցում էին 25 երկրից ժամանած շուրջ 500 մասնակից, արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Նշեց, թե հպարտանում է այդ մրցանակով, քանի որ հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին պատմող, Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմությունը ներկայացնող Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի համար գրված Ժան-Կլոուդ Պետիտի «Հայաստանի լեռները» երգով:

Դիտարկմանը, թե շոու-բիզնես սովորաբար մուտք են գործում սիրային կամ ռիթմիկ երգերով, իսկ իր դեպքում հակառակն է, երգերը մինչ օրս միայն հայրենասիրական են. «Հայաստանի ձայնը» նախագծում Կարեն Մարգարյանի եւ Սրբուհի Ստամբոլցյանի «Իմ հայրենիք» երգն էր, որը տեսահոլովակի վերածեց Աշոտ Գեւորգյանը, հետո էլ՝ «Հայաստանի լեռները», արդյոք դա՞ է պատճառը, որ իրեն հաճախ չենք հանդիպում միջոցառումներին եւ դեռեւս ունի ընդամենը մեկ տեսահոլովակ, Տիգրանի պատասխանը հետեւյալն էր. «Մուտքս շոու-բիզնես հեշտ չէր, բայց համերգից համերգ, միջոցառումից միջոցառում, այո, դանդաղ, բայց նկատում են ու հրավիրում: Ես դեռ ուսանող եմ եւ չեմ դժգոհում»: Հավելեց նաեւ, որ չի բացառվում, որ ազնավուրյան երեկոյից հետո էլ գուցե մի հովանավոր հայտնվի եւ ավելանան տեսահոլովակները:

Ազնավուրյան համերգին երիտասարդ երգիչը հանդես կգա Ալյա Սեդրակյանի հետ՝ «Սիրում եմ Փարիզը մայիսին» դուետով: Այս երգը շանսոնյեն տարիներ առաջ ձայնագրել է ֆրանսիացի երիտասարդ երգչուհի Զազի հետ: Այսօր արդեն ճանաչված երգչուհին ժամանակին այդ երգով ինքն իրեն ճանաչելի է դարձրել Փարիզի փողոցներում երգելով: Նման «խենթության» պատրա՞ստ է Տիգրանը: Ի պատաախան՝ մեր զրուցակիցն ասաց. «Կարիերայիս համար պատրաստ եմ ամեն ինչի»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

02.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930