Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվում մարդու հետ մահվանից հետո

Հունիս 03,2017 14:00

Եվ ինչու ենք աղոթում մահացածների համար

Այն մարդիկ, ովքեր չեն կիսում Հայ առաքելական եկեղեցու եւ ընդհանրապես ուղղափառ հավատքը, հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ ենք մենք աղոթում մահացած մարդկանց համար ու Հոգեհանգստյան կարգ կատարում: Նրանք ասում են, եթե այդպես է, ապա ուրեմն մարդն ինչպես ուզի կարող է ապրել այս կյանքում եւ մահվանից հետո դրախտ գնալ մեր աղոթքներով: Միանգամից ասեմ, որ այդպես չէ, ու մեր աղոթքներն էլ դրա համար չեն: Բայց եկեք հասկանանք, թե ինչի համար ենք մենք Հայ առաքելական եկեղեցում աղոթում մահացածների համար, տեսնենք, թե ինչ ենք խնդրում մահացածների համար ու դուք ինքներդ որոշեք, թե արդյոք դրա մեջ Քրիստոսի ուսմունքին հակառակ մի բան կա՞, թե՞ ոչ: Հայ առաքելական եկեղեցում կա պատկառելի մի ավանդություն, որի համաձայն՝ ընտանիքները հոգեհանգստյան աղոթք են խնդրում իրենց մահացած հարազատների համար: Որպեսզի հասկանանք, թե ինչի համար են այս աղոթքները եւ ինչպես են դրանք օգնում ու անհրաժեշտ մահացած մարդու համար, նախ եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում մարդու հետ մահվանից հետո:

Համաձայն Հայ առաքելական եկեղեցու վարդապետության, մահացած մարդիկ մտնում են հանգստի ժամանակաշրջանի մեջ՝ սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր 2-րդ Գալստյանը, որ տեղի է ունենալու աշխարհի վերջում: Բայց մինչ նրանք բաժանված են Քրիստոնեական մեր համայնքից, հանգստի մեջ գտնվող հոգիները շարունակում են հավատացյալների մաս կազմել: Նրանք հանգչում են Քրիստոսի եկեղեցու հովանու տակ: Ուստի մենք աղոթում ենք նրանց համար, ինչպես մենք աղոթում ենք մեկս մեկիս համար: Մեր աղոթքների նպատակն ու խնդրանքն է, որ նրանք հանգչեն խաղաղությամբ ու Աստված ների նրանց բոլոր մեղքերն ու արժանացնի հավիտենական կյանքին, մեր երկնավոր Հոր արքայության մեջ: Այս բաները նաեւ մեկնաբանված են «Պատարագ Հայաստանեայց Եկեղեցւոյ» գրքում՝ տպագրված 1999 թվականին Սբ. Վարդան Հրատարակչատան կողմից:

Հիմա եկեք հերթականությամբ տեսնենք, թե Հոգեհանգստյան արարողության ժամանակ ննջեցյալների համար ինչ ենք խնդրում Աստծուց, եւ ինքներդ ձեր համար որոշեք, թե արդյոք դրա մեջ Քրիստոսի ուսմունքին հակառակ մի բան կա՞, թե՞ ոչ:
Եկեղեցում մահացածներին կոչում ենք ննջեցյալներ: Հոգեհանգստյան աղոթքի ժամանակ առաջին շարականի մեջ Տեր Հիսուս Քրիստոսին խնդրում ենք, որ երբ ինքը 2-րդ Գալստյան ժամանակ գա իր ստեղծածներին դատելու՝ «թողություն շնորհի իր ննջեցյալ ծառաներին»:
Երբ որ քո եղբայրը մահացել է, ու դու չես կարող որեւէ կերպ իմանալ նրա մեղքերի ու մեղմացուցիչ հանգամանքների չափը, ու դու նրան սիրելով ու Աստուծո ողորմածությանը հավատալով՝ խնդրում ես քո փրկիչ Քրիստոսին թողություն շնորհի իր մեղքերի, արդյոք սրա մեջ Ավետարանին հակառակ մի բան կա՞:

Մի այլ շարականում, որ կոչվում է «Ի Վերին Երուսաղեմ», մենք խնդրում ենք այսպես: «Ողորմած Տեր, ողորմիր մեր ննջեցյալ հոգիներին»: Երբ որ Աստծուց մեկի համար ողորմություն ես խնդրում, դա լա՞վ է, թե՞ վատ: Մի՞թե դրա մեջ մեր հավատքին հակառակ մի բան կա:

Ապա, այս շարականներին հաջորդող աղոթքներում մահացած մարդկանց համար խնդրում ենք հետեւյալը: «Քրիստոս Աստված, հանգիստ պարգեւիր եւ ողորմիր հանգուցյալ հոգիներին»: Հետո աղաչում ենք Քրիստոսից, որ նրանց արդարների հետ դասի: Հետո նորից էլի խնդրում ենք, որ Տերը արարչական սիրով գթություն ցուցաբերի այդ մահացած անձի համար: Խաչի վրայի ավազակի օրինակով խնդրում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը հիշի նրան իր արքայության գալստի մեծ օրը: Մահացածին արժանի անի ողորմության, քավության եւ մեղքերի թողության: Եվ պայծառացնի նրանց իր սուրբերի հետ, իր աջ կողմում: Որովհետեւ ինքն է արարիչը, ինքն է Տերը, ինքն է կենդանիների ու մեռյալների դատավորը:
Հիմա տեսա՞ք:

Մենք մահացած սիրելի անձի համար խնդրում ենք, որ Աստված ողորմի նրան, ների նրան, հանգիստ շնորհի նրան, քավի նրա մեղքերը եւ դատաստանի ժամանակ գթություն ցուցաբերի նրա նկատմամբ: Որ այդ մարդը փրկվի: Չէ՞ որ նա էլ Աստուծո ստեղծածն է, մեր պես մարդ է, սխալվել է, մեղքեր է գործել, բայց եթե դու սիրում ես քո մերձավորին, սիրում ես քո Երկնավոր Հոր ստեղծածին, ապա չես կարող անտարբեր լինել նրա նկատմամբ: Դրա համար մենք խնդրում ենք, նորից եմ կրկնում՝ խնդրում ենք, որ Աստված գթա նրան: Նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն ու գիտեն, թե ինչ բան է ներվելը, ինչ բան է գթությունը ու եթե դուք էլ այս բաներն ամեն օր անում եք ձեր մերձավորների նկատմամբ, ապա լավ կհասկանաք, թե ինչու ենք Աստծուց ներողություն ու գթություն խնդրում մեր մահացած ազգականների ու բարեկամների նկատմամբ: Եվ Աստծուց ներողություն ու գթություն խնդրելը, որեւէ կերպ չի կանխորոշում նրա արդար դատաստանը: Այ, սրա համար էլ, երբ մենք աղոթում ենք մեր մահացած բարեկամների համար, սա չի նշանակում, թե մարդն ինչպես ուզի թող ապրի այս կյանքում, ու մեր աղոթքներով հետո դրախտ կգնա: Այդպես չէ, այլ Աստծուց խնդրում ենք գթություն:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

02.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930