Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմիրճյանի շիրմաքարը ենթարկվել է անհանդուրժելի ոտնձգության»

Հունիս 03,2017 13:30

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը երկար տարիներ անմխիթար վիճակում էր: Անցյալ տարի այն հիմնանորոգվեց, այժմ նախապատրաստվում է մշտական ցուցադրությունը: Միաժամանակ տուն-թանգարանն այս տարի նշում է Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակը: Իմ զրուցակիցը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանն է:

– Կարինե, Ձեզ գոհացնո՞ւմ են տուն-թանգարանում կատարված հիմնանորոգման աշխատանքները:

– Խոսել լիակատար գոհունակության մասին՝ անհնար է: Մենք շատ ավելին էինք ակնկալում, սակայն ամեն անգամվա նման ստիպված ենք եղել սահմանափակել մեր ախորժակը, քանի որ բախվել ենք մեր երկրի ֆինանսական դժվարությունների փաստի հետ, էլ չխոսեմ շինարարների մասնագիտական որակների եւ բարեխղճության չափանիշների մասին: Իհարկե, այսուհանդերձ, պիտի խոստովանեմ, որ մենք անհամեմատ լավ վիճակում ենք հիմա, քան էինք տասնամյակներ շարունակ: Պատերն ու հատակը մաքրված են, ունենք ջեռուցում: Իսկ առջեւում ամենապատասխանատու փուլն է՝ թանգարանի մշտական ցուցադրության իրականացումը: Մեր նախանշած նպատակներն այս ուղղությամբ գոնե ինձ հետաքրքիր են թվում, բայց չգիտեմ, թե որքանով հնարավոր կլինի իրագործել դրանք: Ամեն դեպքում, վստահ եմ, որ նոր ցուցադրությամբ մենք կկարողանանք հետաքրքրել այցելուներին, մանավանդ որ, անգամ ավերակ թանգարանում կարողացել ենք այնպես մատուցել անհրաժեշտ նյութը, որ մարդիկ հետաքրքրվել են, եկել Դերենիկ Դեմիրճյանի տուն ու գնացել բավարարված: Գրեթե ամեն օր զանգեր ենք ստանում տարբեր կազմակերպություններից, մարդիկ անհամբեր սպասում են Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վերաբացմանը: Սա շատ ուրախալի ու պարտավորեցնող իրողություն է: Կջանանք պատվով դուրս գալ մեր այցելուների առաջ:

– Տուն-թանգարանը դեռեւս չի գործում, բայց նշում եք գրողի 140-ամյակը: Դժվար չէ՞:

– Դժվար է, բայց հաճելի: Մենք միջոցառումների մեկնարկը տվել ենք հունվարի 17-ին՝ կազմակերպելով երթ Երեւանի քաղաքային պանթեոն, որտեղ գտնվում է գրողի շիրիմը: Մարտի 4-ին Գրականության եւ արվեստի թանգարանի հետ համատեղ արել ենք գիտաժողով եւ ժամանակավոր ցուցահանդես: Գիտաժողովի ընթացքում ուշագրավ վերլուծություններով ներկայացվել են Դեմիրճյան գրողը, քաղաքացին, թատերագետն ու կինոգործիչը: Շատ կարեւոր ու մինչ այդ չցուցադրված նմուշներ ենք ներկայացրել ժամանակավոր ցուցադրության շրջանակներում՝ Գրականության եւ արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների համար նախատեսված սրահում:

– Փաստորեն, Դեմիրճյանի տանը 140-ամյակի առիթով որեւէ բան չի կազմակերպվի, քանի որ այն բաց չէ հանրության համար:

– Եթե անգամ բաց լիներ, մենք հնարավորություն չէինք ունենա մեծամասշտաբ միջոցառում կազմակերպել իր տանը, քանի որ մեր տարածքային հնարավորությունները թույլ չեն տալիս անել այդ: Մենք կարող ենք հյուրընկալել միայն 20-25 հոգու, իսկ երթի եւ գիտաժողովի մասնակիցներն անհամեմատ ավելի շատ էին: Մենք մշտապես դատապարտված ենք մեր խոշոր միջոցառումներն այլ տարածքներում իրականացնելու ճակատագրին: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք: Իսկ Գրականության եւ արվեստի թանգարանում գիտաժողով անցկացնելը պատահական չէր. նախ՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարանն այդ թանգարանի մասնաճյուղն է, բացի այդ՝ այնտեղ ամբարված են ոչ միայն Դեմիրճյանի, այլեւ մեր ազգի բազմաթիվ երեւելիների մասունքները, եւ այդ դաշտում նրանցից մեկի հիշատակի ոգեկոչումը շատ խորհրդավոր ու խորհրդանշական էր:

– Այլ միջոցառումներ կլինե՞ն տարվա ընթացքում:

– Դեռեւս անցյալ տարեվերջին ԳԱԹ հրատարակչությունը լույս ընծայեց իմ կազմած՝ «Դերենիկ Դեմիրճյանի հարկի ներքո» ժողովածուն՝ նվիրված գրողի 140-ամյակին: Այստեղ հավաքված են դեմիրճյանագիտական հոդվածներ, ուսումնասիրություններ, որոնք մենք ներկայացրել ենք մեր կազմակերպած բազմաթիվ միջոցառումների ընթացքում: Նպատակ ունենք նաեւ առանձին գրքով լույս ընծայել 140-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերը: Բացի այդ՝ դեմիրճյանական մեկ այլ գիրք արդեն կազմված է եւ ներկայացված ՀՀ մշակույթի նախարարություն: Նախարարության պահանջով կազմվել է հոբելյանական միջոցառումների ծրագիր եւ ներկայացվել դեռեւս անցյալ տարեվերջին: Մենք դրանում ներառել ենք մի շարք անհրաժեշտություններ, որոնք պիտի ծառայեն Դերենիկ Դեմիրճյանի հիշատակն ըստ պատշաճի ոգեկոչելու նպատակին: Հիմա չթվարկեմ բոլոր կետերը: Բայց անպայման ցանկանում եմ խոսել երկու կարեւոր խնդրի մասին: Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարը 2008 թվականին ենթարկվել է անհանդուրժելի ոտնձգության: Շիրմաքարի պատվանդանի վրայից պոկել-տարել են մոտ 250 կգ կշռող բրոնզե կիսանդրին, որի հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյանն էր: Հիմա դասականի շիրիմը թշվառ ու խայտառակ տեսք ունի: Մենք հարցը բարձրացրել ենք բազմիցս եւ հիմա, առիթն օգտագործելով, պիտի կրկնեմ, որ որեւէ ազգի պատիվ չի բերում իր մեծի հիշատակի հանդեպ անտարբեր լինելն ու նրա շիրիմն անարգված թողնելը: Մյուս անհանգստությունս Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ցուցանակին է առնչվում: Ներկայիս ցուցանակը ո՛չ արտաքին տեսքով, ո՛չ բովանդակությամբ հարիր չէ մեր թանգարանին: Այն հարկ է փոխարինել նորով: Կան այլ նպատակներ եւս, որոնք կցանկանայինք իրագործված տեսնել 2017 թվականին, որպեսզի մեզ թույլ տայինք ասել, թե 140-ամյա Դեմիրճյանի արժանի հետեւորդներն ենք ու իրավունք ունենք մեզ կոչելու նրա հիշատակի կրողները:

 

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

02.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930