Նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունը թույլ կտա առաջիկա 40 տարիների ընթացքում կանխել ավելի քան 187 հազար մահվան դեպք:
Ծխելու հետեւանքով աշխարհում յուրաքանչյուր տարի մահանում է շուրջ 6 միլիոն մարդ, որոնցից 1.6 միլիոնը՝ եվրոպական տարածաշրջանում։ Համեմատության համար նշենք, որ աֆրիկյան տարածաշրջանում այդ ցուցանիշը կազմում է 3%, արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 7%, իսկ գլոբալ միջին ցուցանիշը 12% է։ Եթե ծխախոտի օգտագործումը չի սպանում, ապա հաճախ հանգեցնում է լուրջ հիվանդությունների կամ այլ վտանգավոր հետեւանքների։
Ծխախոտը եւ քաղցկեղը
Ծխախոտը եւ վերջինիս ծուխը պարունակում են հազարավոր քիմիական տարրեր, որոնցից շատերը թունավոր են, քաղցկեղածին, աթերոգեն, տերատոգեն եւ առաջացնում են կախվածություն։ Ծխախոտի ծխում առկա են ավելի քան 40 քիմիական նյութեր, որոնք քաղցկեղածին են։
-Ծխողների մոտ գրեթե 20 անգամ ավելի բարձր է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը, քան չծխողների մոտ։
-Տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղի դեպքերի 90%-ի, իսկ կանանց շրջանում 80%-ի պատճառը ծխախոտի օգտագործումն է։
Ծխախոտը եւ սրտի հիվանդությունները
Աշխարհում երեք մահերից մեկը վերագրվում է սրտանոթային հիվանդությանը։ Ծխախոտի օգտագործումը սրտի հիվանդությունների զարգացման ամենամեծ ռիսկի գործոններից է։ Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված սրտանոթային հիվանդությունների արդյունքում զարգացած երկրներում ամեն տարի մահանում է ավելի քան 600 000 մարդ, իսկ զարգացող երկրներում՝ ավելի քան 1 միլիոն մարդ։
Ծխախոտը նպաստում է սրտի աշխատանքի արագացմանը, զարկերակային արյան ճնշման բարձրացմանը, հիպերտենզիայի զարգացմանը եւ անոթների խցանմանը։ Այդ ամենի արդյունքում հանգեցնում է սրտամկանի ինֆարկտի եւ կաթվածի։
Ծխախոտը եւ շնչուղիների հիվանդությունները
Ծխախոտի ծխում առկա թունավոր նյութերը գրոհում են օրգանիզմ քթով եւ բերանով օրգանիզմ ներթափանցելուն պես` վնասելով դեպի թոքերը տանող ճանապարհին բոլոր հյուսվածքներն ու բջիջները։ Ներշնչած ծխում առկա քիմիական միացությունները ներծծվում են թոքեր եւ հաճախ հանգեցնում շնչուղիների լուրջ հիվանդությունների։
Ծխելու այլ վնասակար ազդեցություններն առողջության վրա
Վարակիչ հիվանդություններ – Թեեւ ծխախոտը սովորաբար ասոցացվում է ոչ վարակիչ հիվանդությունների հետ, այն նաեւ վարակիչ հիվանդությունների հետեւանքով մահացության ծանրակշիռ գործոն է։ Մասնավորապես տուբերկուլյոզը կարող է երբեմն թաքնված ընթացք ունենալ կամ չարտահայտվել որեւէ ախտանիշով, եւ գլուխ բարձրացնել միայն ծխախոտի օգտագործման ֆոնի վրա։ Տուբերկուլյոզից մահացության 26%-ը վերագրվում է ծխախոտի օգտագործմանը։
Վերարտադրողական առողջություն
Ծխելը նպաստում է անպտղության կամ հղիության եւ ծննդալուծման բարդությունների առաջացմանը։ Ծխող կանանց մոտ վիժումները 2-ից 3 անգամ ավելի հաճախ են հանդիպում։ Նույնը վերաբերում է նաեւ մեռելածնությանը, քանի որ պտուղը զրկվում է թթվածնից, իսկ ծխախոտի ծխում պարունակվող ածխածնի մոնօքսիդը եւ նիկոտինը առաջացնում են պլացենտար խանգարումներ։ Պտղի զարգացման ընթացքում մոր կողմից ծխախոտի օգտագործումը մեծացնում է ցածր քաշով երեխա ունենալու, վաղաժամ ծննդաբերության, ինչպես նաեւ որոշ բնածին արատների զարգացման ռիսկը։
Տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործումը բացասաբար է անդրադառնում` խախտելով վերջինիս ԴՆԹ, որն էլ կարող է հանգեցնել պտղի վիժմանը կամ բնածին արատների զարգացմանը։ Որոշ հետազոտություններ վկայում են, որ ծխող տղամարդկանց շրջանում բարձր է քաղցկեղով հիվանդ զավակ ունենալու ռիսկը։
Ծխելը նաեւ նպաստում է սեռական անկարողությանը։ Ամլությունն առավել տարածված է ծխողների շրջանում։
Օստեոպորոզ -Ծխախոտի ծխում պարունակվող հիմնական վնասակար գազը` ածխածնի մոնօքսիդը, շատ ավելի արագ է թափանցում արյուն, քան թթվածինը, եւ 15%-ով նվազեցնում է թթվածնի ներհոսքը ծխողի արյուն։ Արդյունքում տուժում է ծխող մարդու ոսկրերի խտությունը, հեշտությամբ առաջանում են կոտրվածքներ, իսկ ապաքինումը մինչեւ 80% ավելի երկար ժամանակ է պահանջում։ Ծխող մարդիկ նաեւ ավելի հակված են ողնաշարի խնդիրների առաջացմանը։
Ծխախոտի օգտագործմանը վերագրվող առողջական խնդիրներից են նաեւ աչքի ոսպնյակի մթագնումը, լսողության խանգարումը, կարիեսը, ստամոքսի խոցը, պսորիազը, մազաթափությունը, վաղաժամ կնճիռների առաջացումը։ Ծխելը նպաստում է Բյուրգերի հիվանդության զարգացմանը, որն ուղեկցվում է ոտքերի զարկերակների, երակների եւ նյարդերի բորբոքմամբ եւ հանգեցնում է արյան հոսքի թուլացմանը։
Ըստ առողջապահության նախարարության տրամադրած աղբյուրների
«Առավոտ»
02.06.2017