Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի կինը հիպնոսո՞վ է Բերդի տարածաշրջանի համայնքապետից մեծ գումարներ վերցրել

Հունիս 02,2017 21:30

Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի ղեկավարը, որը ոստիկանություն է դիմել իջեւանցի կնոջ կողմից իրենից խաբեությամբ 200 հազար դոլար վերցնելու համար, մեզ զանգահարելով՝ասաց, որ այդ կինը նախկինում աշխատել է բարեգործական մի կազմակերպությունում, որն իրենց գյուղում 2013թ. բուժկետ է կառուցել եւ կահավորել: Գյուղապետն ասաց, որ այդ կինը համոզելու մեծ շնորհք ունի, դիմացինի վրա ազդելու համար կարողանում է հիպնոսացնել:

Համայնքի ղեկավարն ասաց, որ ինքը 200 հազար դոլարը հավաքել է իր հարազատներից, համագյուղացիներից, 6 ամսվա ընթացքում 3 անգամ, ստացականներով տվել է այդ կնոջը՝ իբր գյուղում իրականացվելիք զարգացման ծրագրերում որպես համայնքի ներդրում:

«Մինչեւ վերջ ինձ թալանեց այդ անխիղճը»,- իջեւանցի կնոջից գանգատվեց համայնքի ղեկավարը:

Մեր տեղեկություններով ՝ նշված կինը խաբեությամբ գումարներ է վերցրել Իջեւան քաղաքի մի բնակչուհուց, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի մեկի բժշկուհուց, Դիլիջան քաղաքի բնակչից, Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից մեկի բժշկուհուց: Իջեւանցի 36-ամյա կինն այժմ Իջեւանում գտնվող իր առանձնատան «եվրոռեմոնտ է» կատարում:

Հիշյալ կնոջ կողմից Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի ղեկավարից 200 հազար դոլար վերցնելու գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով («Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը»):

Սույն քրեական հոդվածով բնութագրվող գործողությունները պատժվում են 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ: Քննությունը կպարզի, թե 200 հազար դոլարն ամբողջությա՞մբ, թե՞ դրա մի մասն է տրվել իջեւանցի կնոջը: Քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում: Այդ վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է ոչ թե իջեւանցի կնոջ, այլ՝ փաստի վերաբերյալ; Ուստի այդ կնոջ նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930