Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի մեկնաբանմամբ, թեեւ ԱՄՆ նախագահ Թրամփի նախընտրական կարգախոսն էր՝ Ամերիկան դարձնենք հզոր, բայց նրան դեռ հաջողվել է հզոր դարձնել Եվրոպան:
«Որովհետեւ սուր ճգնաժամն առաջացրեց արագ զարգացում, վերջին շաբաթներին տեսանք՝ այն ինչ սովոր ենք դիտել որպես մեկ կենտրոն, որն ընդունված էր որպես Արեւմուտք, կիսվել է երկու մասի, այլեւս պետք է արձանագրել, որ Արեւմուտքը հանդիսանում է ոչ թե միացյալ կենտրոն, այլ պարունակում է երկու կենտրոն՝ ԱՄՆ եւ ԵՄ»,-նման կարծիք հայտնեց Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով, Ֆրանսիայի ընտրություններից հետո Մակրոնի՝ առաջին քայլերը արտաքին քաղաքականության ոլորտում, գումարած գերմանական տնտեսական հզորությանը ԵՄ-ը դարձնում են գերտերություն. «Իզուր չէ, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի ավանդական դաշինքը անվանում են «մերկրոն»՝ Մերկելի ու Մակրոնի ձուլավորված անվանմամբ: Մակրոնը մի քանի օր առաջ սիմվոլիկ առումով ցույց տվեց աշխարհին այն, ինչը վաղուց կարելի էր ենթադրել, այն է՝ ՌԴ-ն այլեւս գերտերություն չէ, ոչ միայն տնտեսապես, այլեւ քաղաքական առումով: Այսինքն, աշխարհում մնացել են երեք գերտերություն՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ը եւ Չինաստանը. ՌԴ-ն դուրս է մնացել այս հաշվարկներից, դա արեց Ֆրանսիայի նոր նախագահը»:
Տիգրան Խզմալյանի կարծիքով, ՀՀ-ն շատ կարճ ժամանակ ունի կողմնորոշվելու ու դիրքավորվելու այս բոլորովին նոր զարգացումների մեջ. «Բավական արագ տեսանք՝ առաջին նշանները, որ Բաղրամյան 26-ում մեզնից վատ չէ, որ գիտակցում են, դրա ապացույցն է, Էդմոն Մարուքյանի մի ելույթը, ես նրան դիտում եմ որպես իշխանության արեւմտյան թեւի խոսնակ, եւ դա վաղուց է: Նրա ելույթի հիմնական միտքն էր, որ ՀՀ-ն եվրոպական մոդելից այլընտրանք չունի, Էդմոն Մարուքյանն այս դեպքում ոչ միայն իր անձնական տեսակետն էր հայտնում, այլեւ իշխանության խուճապն ու անհանգստությունը, ինչը ակնհայտ էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ