Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-մանկաբույժ Արարատ Հարությունյանը կարծում է, որ մանկական թերսնուցման դեպքերը քչացել են:
«Իրազեկման մակարդակն էլ է բարձր, մայրերի պատրաստակամություն էլ է բարձր, իրենք էլ են հասկացել, որ բնական սնուցումը միակ և ճիշտ անփոխարինելի կերն է երեխաների համար, բոլորն էլ ձգտում են պահպանել կրծքով կերակրումը»,- ասաց նա:
Անդրադառնալով շահագործվող հանքերին՝ Արարատ Հարությունյանը ասաց. «Հանքերը միշտ էլ եղել են Կապանում, հանքերը միշտ էլ եղել են Մեղրիում: Ե՛վ սովետական շրջանում, և՛ կոմունիստների ժամանակ եղել է այդպիսի բան: Եթե ես ասեմ, որ ինչ-որ չափով … ես չեմ կարող ասել նման բան, որովհետև մասնագիտական հետազոտություն չեմ արել, արված էլ չի, որ դրանց հիման վրա ասեմ՝ այո՛, կան: Բայց նայելով, տեսնելով ոչ միայն հանրապետական մակարդակով, այլ աշխարհի մակարդակով ուռուցքների քանակի ավելացում, ուռուցքներով հիվանդների տարիքի երիտասարդացում: Չեմ կարծում, որ սա կապված է հանքերի հետ: Իհարկե՛, հանքերի առկայությունը, շահագործումը ինչ-որ չափով որոշակի էկոլոգիական վիճակներ ստեղծում է: Բայց ես չեմ կարող ասել, որ դա ազդել է մեր երեխաների առողջության վրա»:
Ըստ նրա, Կապանում հիվանդությունների մեծ մասը կապված է վիրուսային վարակների հետ, հազվադեպ եղել են բարդ խնդիրներ կապված գենետիկ հիվանդությունների հետ. «Բայց ասել, որ անհասկանալի հիվանդություններ են գլուխ բարձրացրել, չեմ կարող ասել, չի եղել նման դեպք»:
Արարատ Հարությունյանը շեշտեց, որ որևէ հետազոտություն այդ թեմայով արված չէ, որի հիման վրա ինքը կարող է որևէ կարծիք հայտնել հանքերի շահագործման ազդեցության վերաբերյալ: Լրագրողները խնդրեցին անդրադառնալ նաև այն դեպքերին, երբ Կապանում երեխաների մազերի մեջ սնդիկ և մկնդեղ էր հայտնաբերվել, ինչի մասին բժիշկ-մանկաբույժը առաջին անգամ էր լսում. «Որպես բժիշկ կասեմ, որ դա աբսուրդ է, չի կարող այդպիսի բան լինել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ