Այսօր՝ հունիսի 2-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճանաչողական այցով հյուրընկալեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաներին:
Միջոցառման ընթացքում օմբուդսմենի գրասենյակի Իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը և Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը շնորհավորեցին երեխաներին տոնի առթիվ և մատչելի կերպով ներկայացրեցին մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության շրջանակները, մասնավորապես՝ երեխաների իրավունքներին և բարեկեցությանն առնչվող հիմնական հարցերն ու իրավական դրույթները` միաժամանակ անդրադառնալով միջազգային փորձին և զարգացումներին:
ՀՕՖ-ի «երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի երեխաները պաշտպանին դիմելու ձևի և կարգի, պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների և երեխաների իրավունքներին վերաբերող հետաքրքրական հարցերն ուղղեցին գրասենյակի ներկայացուցիչներին՝ ստանալով սպառիչ ու բովանդակալից պատասխաններ:
Երեխաներին հատկապես հետաքրքրեց կրթական իրավունքը, որի կապակցությամբ մասնագետները ներկայացրեցին կրթական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ նախադեպային օրինակներ:
ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 1999 թվականին: Կենտրոնը օգնության ձեռք է մեկնում այն երեխաներին ու ընտանիքներին, ովքեր կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված անապաստան են մնացել, հայտնվել սոցիալ-հոգեբանական տարբեր դժվարին խնդիրների՝ զրկանքների, բռնությունների, սոցիալական տարաբնույթ բարդ իրավիճակների առջև: