ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, ըստ «Երկիր մեդիայի»՝ հաստատեցին տեղեկությունը, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին։ Նրա փոխարեն կուսակցությունը նույն պաշտոնում առաջադրելու է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին։ Վերջինս ունի պետական համակարգում եւ միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ։
«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել է. «Արթուրին ճանաչում եմ 1991 թվականից, միասին անցել ենք ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երկար ճանապարհը։ Արթուրն իր մտքով, գրչով, հարցերին շիտակ նայելով, ճշմարտության պաշտպանելու կրքով առանձնանում էր, ու պատահական չէ, որ այդ ամենի համար նա ուսանողականում կրում էր «օպոզիցիա» անունը։ Նա ստացավ փայլուն կրթություն, փայլուն գիտելիքներով ու հմտությամբ։ Ապրիլյան օրերին էլ, հակառակ խիստ զբաղվածությանը, առաջիննների թվում կամավորագրվեց Դաշնակցության խմբերին ու մեկնեց առաջնագիծ։ Մի խոսքով՝ վստահ եմ, որ Շիրակում լավ ղեկավար կլինի։
Հ.Գ. կլինի առաջին մարզպետը թերեւս, որ Ամերիկյան համալսարանում էլ վերապատրաստման կարիք չի ունենա։ Այդ համալսարանն ու հետագայում բրիտանական կրթությունը ամեն ինչ ասում են։ )))»: