Մայիսի 26-ին, ժամը 19-ից մինչեւ 19-ն անց 20 րոպե Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան գյուղերում , ինչպես նաեւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում տեղացել է կարկուտ: Կարկտահարության մասին տեղեկատվությունը հաղորդվել է Տավուշի մարզպետարան:
Ժողովրդական խոսք կա՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից տեղեկացանք, որ մայիսի 28-ին կարկուտ է տեղացել Բերդի տարածաշրջանի Պառավաքար,Վարագավան, Վերին Ծաղկավան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Նորաշեն, Մովսես, Չինչին, Նավուր, Իծաքար գյուղերում: Փաստորեն 3 օրվա ընթացքում Չինարի, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան գյուղերում 2 անգամ կարկտահարություն է եղել:
Վարագավան համայնքի ղեկավար Արմեն Աբրահամյանը հայտնեց, որ մայիսի 28-ի կարկտահարությունը կես ժամ է տեւել, պատճառված վնասները մեծ են: Բերդի տարածաշրջանի համայնքներում հակակարկտային կայաններ չկան, քանի որ այդ կայանները գործարկելու համար պահանջվող ռադիոլոկացիոն կայաններ չեն տեղադրվել: Իսկ ռադիոլոկացիոն կայաններ չտեղադրելու պատճառն այն է , որ տարածաշրջանը շատ մոտ է Ադրբեջանին, եւ ռազմական առումով նպատակահարմար չէ նման կայաններ տեղադրելը:
Վ. Սուքոյանն ասաց, որ առաջիկայում Բերդի տարածաշրջանում կարկտաբեր ամպերի դեմ հրթիռներ կկիրառվեն: Նա հայտնեց, որ մայիսի 28-ի կարկտահարության պատճառած վնասների մասին տվյալները կճշտվեն մեկ շաբաթ անց, երբ պարզ կլինի , թե պտղատու, խաղողի այգիները, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը ինչ չափով են տուժել բնական տարերքից: Համայնքներում գործող հանձնաժողովները կհաշվարկեն վնասի չափերը, դրանք կներկայացնեն Տավուշի մարզպետարան, մարզպետարանը այդ տեղեկատվությունը կուղարկի տարածքային կառավարման եւ զարգացման ու գյուղատնտեսության նախարարություններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ