Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտից համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՅԴ-ն որոշել է փոխել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Նրա փոխարեն մտադրված են մարզպետ նշանակել Երևանից, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին, որին, սակայն, դեմ են շիրակցի ՀՅԴ-ականները։ Ըստ մեր տեղեկությունների, նրանք փորձելու են ՀՅԴ Գերագույն մարմնում բանակցել Հակոբ Մաթիլյանի թեկնածությունն առաջադրելու շուրջ։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Մաթիլյանի հետ՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ են իրական այս խոսակցությունները։ Հակոբ Մաթիլյանն ասաց. «Ես տեղեկություններ չունեմ»։ Մեր հարցին՝ իսկ դուք չե՞ք մասնակցում ՀՅԴ-ի ներսում ծավալվող քննարկումներին, Հակոբ Մաթիլյանը պատասխանեց. «Ես Գերագույն մարմնի անդամ չեմ, քննարկումների չեմ մասնակցում»։
Մեր դիտարկմանն ի պատասխան՝ մի՞թե ձեր ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից դուրս գալը կապված չէ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մտադրության հետ, Հակոբ Մաթիլյանն ասաց․ «Իմ դուրս գալը ոչ մի բանի հետ կապ չունի, ես 3 ամիս առաջ պիտի դուրս գայի, ուղղակի ընտրությունները մեջ ընկան, սպասեցի, ընտրությունները անցնեն՝ նոր»։
Նշենք, որ Երևանից Շիրակի մարզպետ նշանակելու մասին խոսակցությունները բավական վրդովեցրել են գյումրեցիներին, վերջիններս արդեն իսկ արձագանքում են լուրերին՝ ծաղրելով, թե մնում է միայն Երևանից Գյումրու քաղաքապետ բերեն։
Հիշեցնենք, որ պետական կառույցների գրեթե մեծ մասի ղեկավարները Երևանից են, պետությունը լրացուցիչ ծախսեր է անում, նրանց համար տներ վարձում, ծառայողական մեքենաների բենզինն ապահովում։ Իսկ վերջիններս շաբաթվա մի քանի օրը պարտադիր Երևան են գնում՝ այնտեղ բնակվող իրենց ընտանիքի անդամներին տեսության։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ