«Ձեզ բավական լուրջ հոդված է մեղսագրված, ձեր իրավական գիտելիքները բավարա՞ր են ինքնուրույն պաշտպանություն իրականացնելու համար»,- ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանին հարցրեց դատավոր Արմեն Վարդապետյանը: Ամբաստանյալը, որը մինչ այդ կարծում էր, թե կարող է դատարանում պաշտպանել իր իրավունքները, մի պահ մտածելուց հետո հայտարարեց, որ կնախընտրեր պաշտպան ունենալ:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց «ընտրակեղծարարության» դատը: Հովհաննես Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված թիվ 159 դպրոցի տարածքում գործող 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր՝ 004889846 համարի նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին կրկին ներկայացրել է իր նույնականացման քարտը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել, քանի որ տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկին գրանցվելու փորձ կատարելու փաստը:
Հիշեցնենք, սահմանադրական բարեփոխումներով նմանօրինակ դեպքերի համար այլեւս նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Քանի որ ամբաստանյալն աշխատում է, դատավորը հետաքրքրվեց`միգուցե ինքն իր համար պաշտպան վարձի: «Տան միակ աշխատողն եմ, հնարավորություն չունեմ ինքս վարձել»,- ասաց ամբաստանյալը:
Գործում հանրային պաշտպան ներգրավելու միջնորդությունը դատարանը բավարարեց: Նիստը կշարունակվի հունիսի 28-ին, ժամը 16.00-ին:
Մինչ նիստի մեկնարկը, 2/19 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սվետլանա Առաքելյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմել էր, որ այդ օրն այնքան մարդաշատ է եղել տեղամասում, որ ինքը այժմ նույնիսկ դեմքով դժվար թե ճանաչի ամբաստանյալին. «Էնքան մարդ ա եղել, ես էդ տղային նույնիսկ դեմքով չեմ տեսել, հիմա որ տեսնեմ, վստահ չեմ, որ կճանաչեմ: Գիտեք, ինչքան ծանրաբեռնված էր այդ օրը: Ապարատն ահազանգել է, ես նոր մոտեցել եմ»:
Դատավորն, ի դեպ, մերժեց նիստերի դահլիճում տեսագրելու եւ նկարելու միջնորդությունը: Կողմերը դեմ էին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ