Դիվանագետ Մարթա Այվազյանի դիտարկմամբ, ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իր իսկ քայլերին:
«Հիշենք նաեւ նրա ելույթները ընտրություններից առաջ ՌԴ-ի, ՆԱՏՕ-ի վերաբերյալ, այն, որ նա չհիշատակեց հինգերորդ հոդվածը, միաժամանակ այդ հոդվածին նվիրված թանկարժեք նվեր արեց ՆԱՏՕ-ի նոր բացված գլխակայանին, տարակուսանքը շատ է»,- այսօր «Արևմուտքը և մնացյալ աշխարհը ՆԱՏՕ-ի ու G7-ի հանդիպումից հետո» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Մարթա Այվազյանը:
Խոսելով նրա մասին, որ Եվրոպան սեփական անվտանգության պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի, ըստ տիկին Այվազյանի, միաժամանակ ԱՄՆ-ը 40 %-ով ավելացրեց Եվրոպայում տեղակայված զինուժի ֆինանսավորումը. «Արդյոք սա հակասության մեջ չի՞ մտնում այն հայտարարության հետ, որ ԱՄՆ-ը այլեւս չի ուզում պատասխանատվության մեջ մտնել: Միգուցե Թրամփի այս ելույթները դրական ազդեցություն ունենան նաեւ կազմակերպության վրա…պետք է հիշեցնեմ, որ հակաամերիկյան տրամադրությունները շատ ուժեղ էին Եվրոպայում, բայց երբ հարցը գալիս էր անվտանգության հարցին, եվրոպացիներն ասում էին՝ դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է, սա նաեւ առիթ կհանդիսանա, որ եվրոպացիներն ավելի մեծ պատասխանատվություն զգան սեփական անվտանգության համար:
Եվրոպայում բավականին մեծ է համակրանքը Պուտինի ու ՌԴ-ի նկատմամբ, ինչը բացատրվում էր հակաամերիկյան տրամադրություններով: Միգուցե այս փոփոխությունները կառողջացնի մթնոլորտը, կազմակերպությունը. «Այս եւ մյուս տարին փոփոխությունների ժամանակ է, ինչը կապված է՝ թե՛ անցած, թե՛ սպասվող ընտրություններով, ինչ դեռ տեղի կունենա, դժվարանում եմ ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ