Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում շահագործվող վերելակները գրեթե 40 տարեկան են

Հունիս 02,2017 15:15

Վանաձոր քաղաքում գրանցված է շուրջ 180 վերելակ: Դրանցից բնակարանային տնտեսությունները սպասարկում են 106-ը: Այս տարվա ընթացքում փորձաքննության են ենթարկվել ու դրական եզրակացություն ստացել 40 վերելակներ:

Բազմաբնակարան շենքերի վերելակների փորձաքննություն իրականացնելու համար համատիրությունները պետք է դիմեն Լոռու եւ Տավուշի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժին, կնքեն պայմանագիր, որից հետո տարեկան առնվազն մեկ անգամ կանցկացվի վերելակների փորձաքննություն: Մեկ վերելակի փորձաքննության արժեքը կազմում է 2.930 դրամ:

«Այն վերելակները, որոնք որ մեր կողմից փորձաքննության են ենթարկվում եւ եթե թեկուզ չնչին սպառնալիք է լինում վթարի, կամ վերելակը ոչ աշխատունակ է լինում, ուրեմն տրվում է բացասական եզրակացություն: Եվ վերելակը շահագործման ենթակա չէ, մինչեւ թերությունները չվերացվեն: Անհնար է, որ մենք չաշխատող, խափանված վերելակին տանք դրական եզրակացություն»,- ասաց Լոռու և Տավուշի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Կարեն Բոյաջյանը:

Ընդհանրապես, վերելակների շահագործման երաշխիքային ժամկետը 20-25 տարի է: Սակայն այսօր շահագործվող վերելակները գրեթե 40 տարեկան են:

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Բոյաջյանն անդրադարձավ նաեւ մայիսի 30-ին Աղայան 74/1 հասցեում գրանցված դեպքին: 14-ամյա աղջիկը ընկել էր վերելակի հորանը:

Նշված հասցեի վերելակը վերջին անգամ փորձաքննություն է անցել 2016 թվականի դեկտեմբերին: Տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետի խոսքով՝ փորձաքննության ժամանակ վերելակը եղել է սարքին վիճակում:

«Փորձագետների եզրակացության հիման վրա է պարզ դառնում՝ պիտանի՞ են արդյոք այդ վերելակները շահագործման, թե՞ ոչ: Այդ վերելակը փորձաքննության ժամանակ տեխնիկապես սարքին վիճակում է եղել, իրենից ոչ մի սպառնալիք չի ներկայացրել»:

Շենքը սպասարկող «Նարեկ» համատիրության նախագահ Ռուզաննա Օհանյանն էլ վստահեցրեց, որ վերելակի հետ կապված խնդիրներ երբեւէ չեն եղել. «Ոչ մի անգամ վերելակի հետ կապված խնդիր չի առաջացել: Սպասարկումը շատ լավ կատարվել է: Այդ օրն էլ բնակիչները մինչեւ 6:30 օգտվել են վերելակից: Կարող է պատահականություն է եղել, կամ այդ պահին է թերություն առաջացել: Կարող է երեխաներն են սխալ գործողություն կատարել: Այս պահին վերելակը կանգնած է, չի գործում, ստուգումներ են իրականացնում»:

Նշված դեպքից հետո Լոռու մարզպետարանում հրավիրվել է խորհրդակցություն: Մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին հանձնարարվել է հետևողական լինել վերելակների շահագործման տեխհսկողությանը: Մարզի ղեկավարի պահանջով այսուհետ շահագործվող վերելակները կանցնեն կրկնակի տեխհսկողություն:

Այժմ Վանաձորում գրանցված 180 վերելակներից 59-ը չեն շահագործվում:

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930