Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ետնահանջ է ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդությունից». Ստյոպա Սաֆարյան

Հունիս 02,2017 15:05

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն այսօր «Արևմուտքը և մնացյալ աշխարհը ՆԱՏՕ-ի ու G7-ի հանդիպումից հետո» կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել: Քննարկման ժամանակ պարոն Սաֆարյանն անդրադարձավ մայիսի 25-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հնչեցված հայտարարություններին, մայիսի 27-ին Իտալիայի Տաորմինա քաղաքում G7-ի անդամ երկրների առաջնորդների եզրափակիչ հայտարարությանը, անդրատլանտյան ու ՆԱՏՕ-ի շրջանակներում հետագա համագործակցության վերաբերյալ եվրոպական առաջնորդների հայտարարություններին, ՌԴ նախագահ Վ.Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններին ու դրանց արձագանքներին:

Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանում, պատմության մեջ առաջին անգամ, ԱՄՆ նախագահն իր ելույթում չհիշատակեց հոդված հինգը՝ կոլեկտիվ պաշտպանության եւ անվտանգության առանցքային դրույթը:

Ըստ նրա, ԱՄՆ նախագահի այդ հայտարարությանը հաջորդեց ԵՄ առաջատար երկրների դիրքորոշումը, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արձագանքը, թե ավարտվել է դարաշրջանը, երբ այլոց վրա կարող էինք հույս դնել, մեր ձեռքը պետք է վերցնենք սեփական ճակատագիրը:

Միջազգային քաղաքական իրադարձությունները վերլուծելիս, պարոն Սաֆարյանն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու ՌԴ նախագահ Պուտինի հանդիպմանը. «Հանդիպում, որտեղ ՌԴ նախագահն ակնկալում էր այդ տրանսատլանտյան բաժանումն օգտագործել ու հասնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, ինչը տեղի չունեցավ»:

Պարոն Սաֆարյանի խոսքով, տպավորություն կա, որ ԱՄՆ-ը մեկուսանում է համաշխարհային գործերից. «Սա ետնահանջ է ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդությունից, այս կտրվածքով, ուշագրավ էր երեկ ԱՄՆ նախկին պետքարտուղարի հարցազրույցը, որում նա ասել էր, թե նորարարական տեխնոլոգիաների առումով ԱՄՆ-ը աշխարհում չի կարող առաջատար դեր զբաղեցնել… անկախ ԱՄՆ ունեցած ներքին ազդեցությունից, որոնք ոչ պակաս կարեւոր զարգացումների դաշտ են բացում քննարկումների առումով, այն ունենալու է արտաքին ազդեցություններ, հատկապես մեր տարածաշրջանի համար, որտեղ առաջացել են բազմաթիվ անորոշություններ, հարց է առաջանալու՝ ինչպես է գործելու ՌԴ-ԱՄՆ-Եվրոպա եռանկյունին, ինչպես են դիրքավորվում մեր տարածաշրջանի ակտիվ խաղացողները՝ Թուրքիան ու Իրանը, եւ անվտանգության վակուում առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930