Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի նախարարներին ԿԳ նախարարությունը Հայաստանում լավ է ընդունել

Հունիս 02,2017 14:50

Վերահսկիչ պալատը (ՎՊ) հրապարակել է 2016 թ. գործունեության հաշվետվությունը` ներկայացնելով չարաշահումները, անհարկի ծախսերը, վարկային միջոցների ոչ արդյունավետ ծախսը մի շարք պետական կառույցներում:

Օրինակ, ըստ ՎՊ-ի հաշվետվության, ՀՀ կառավարության 10.09.2009 թվականի «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված՝ ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» N1036-Ն որոշմամբ պատվիրակության անդամի սննդի հետ կապված օրական ծախսը սահմանված է մինչև 8 000 դրամ, սուրճի ընդմիջման ծախսը՝ մինչև 1 500 դրամ, ըստ այդմ` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի մասնակիցների հյուրասիրության ծախսը պետք է վճարվածից 6 563.8 հազ. դրամով պակաս կազմեր:

Aravot.am-ին ԿԳ նախարարությունից պարզաբանեցին, որ ՎՊ հաշվետվության վերաբերյալ ԿԳ նախարարությունն իր բացատրությունը զետեղել է նախարարության պաշտոնական կայքում:

Վերը նշվածին ԿԳ նախարարությունը այսպես է պատասխանել. «2015 թվականի մայիսի 14-15-ին Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածաշրջանի (ԵԲԿՏ) 9-րդ նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով կատարվել են բովանդակային ու կազմակերպչական բնույթի մի շարք նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ Կառավարության 10.09.2009 թվականի N1036-Ն որոշումը հնարավոր չէր կիրառել վերոնշյալ միջոցառումների նկատմամբ, քանի որ դրանք հանդիսացել են ոչ թե առանձին պատվիրակությունների հյուրընկալում, այլ միջազգային մասշտաբի կարևորագույն միջոցառումներ` գագաթաժողով և ֆորում, որոնց մասնակցել են 54 երկրների ու մի շարք միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ` բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարությամբ: ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցել են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵՄ կրթության հանձնակատարը, տարբեր երկրների նախարարներ և այլ պաշտոնատար անձինք: Նմանատիպ միջոցառումների ժամանակ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հնարավոր չէ առաջնորդվել:

Եվրահանձնաժողովը` հանդիսանալով Բոլոնիայի քարտուղարության գործունեությունը համաֆինանսավորող կողմ, անկախ այն հանգամանքից, թե որ երկիրն է ստանձնում քարտուղարության աշխատանքներն, առաջադրում է իր պահանջներն ինչպես Բոլոնիայի քարտուղարության բնականոն գործունեության, այնպես էլ գագաթաժողովի և քաղաքականության ֆորումի կազմակերպման ու անցկացման վերաբերյալ: Հայաստանը դեռևս 2012 թ., երբ ընտրվել է Բոլոնիայի քարտուղարությունն իրականացնող և ԵԲԿՏ-ն համակարգող երկիր, ստանձնել է համապատասխան պարտավորություններ՝ ներառյալ գագաթաժողովի և ֆորումի բարձր մակարդակով և հավուր պատշաճի անցկացումը: Եվրահանձնաժողովի հետ կնքվել է պայմանագիր, որում ներառվել են նաև գագաթաժողովի և ֆորումի անցկացման ծախսերը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930