«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ անցյալ տարի ապրիլյան պատերազմի հրահրողը ԵԱՀԿ-ն էր: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մանուչարյանը ղարաբաղյան հակամարտությունը ներկայացրեց՝ որպես իրար հետ կռվող երեխաներ՝ Հայաստան և Ադրբեջան և բարի քեռիներ, ինչպիսիք են միջնորդներն ու հավաստիացրեց, որ ամենևին էլ իրավիճակն այդպիսին չէ. «Այդ քեռիները ներկայացնում են ուժերի՝ համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի կամ միջազգային ճգնաժամային խումբը: Դա լոկալ խումբ է: Կարծես թե ամբողջ այդ կառույցների համախումբն է աշխարհում, որը զբաղված է պատերազմների հրահրմամբ, ճգնաժամերի ստեղծմամբ և այդպիսով նպատակ ունի պահպանել կառավարող իրավիճակը»:
Դառնալով ԵԱՀԿ-ի դերակատարությանը՝ պարոն Մանուչարյանն ասաց. «ԵԱՀԿ-ն մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի հրահրողներից մեկն էր: Եթե իրենց փաստաթղթերում գրում են օկուպացված տարածքներ, Սարսանգի ջրամբարի մասին որոշում են ընդունում, որ օկուպացման պատճառով բնակչությունը մնացել է առանց ջուր, ուրեմն ԵԱՀԿ-ն Ադրբեջանին ասում է, թե քեզ օկուպացրել են, դու օրինական իրավունք ունես այդ ջրային տարածքը վերադարձնելու»:
Ըստ պարոն Մանուչարյանի՝ Ադրբեջանը նույնքան անմեղ է, որքան Հայաստանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ժողովուրդը ոչ մի ընդհանուր բան չուներ իսլամական պետության առաջին խմբավորումների հետ, որոնք 1988-ին ստեղծվեցին, երբ հայերը դիմեցին Ադրբեջանի գերագույն խորհրդին:
Նա մանրամասնեց. «Բոլոր ժողովուրդները դիմում էին իրենց խնդիրները լուծելու համար, բայց միայն Ղարաբաղի դիմումից հետո էր, որ Բաքվում, Սումգայիթում սկսեցին սպանել հայերին: Սակայն ոչ մի չեչեն չի սպանվել Մոսկվայում, ոչ մի օս Թբիլիսիում, ռուս՝ Քիշնևում: Ստեղծված էին ինչ-ինչ ստորաբաժանումներ, որոնք սկսեցին սպանել հայերին ու դրանք սկսեցին որոշիչ ու թելադրող դառնալ Ադրբեջանում: Նույնը Սիրիայում և Իրաքում տեղի ունեցավ. ինչ-որ խմբեր դաժանությունների ենթարկեցրին մի շարք ժողովուրդների»:
Դառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման փաստին՝ պարոն Մանուչարյանն ասաց, որ դա այնքան փոքր ազդեցություն կարող է ունենալ գործընթացների վրա, որքան այն, թե ինչքանով կազդեր «Տիտանիկի» խորտակման վրա այն փաստը, որ հավաքարարը սենյակում փոշին մաքրեր սեղանից: Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Կասպրշիկը, նրանք բոլորն այսօր սպասարկում են պատերազմը:
Հարցին՝ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանումը Երևան և Ադրբեջան ի՞նչ արձագանք կստանա Ադրբեջանի կողմից, պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Ադրբեջանի և Հայաստանի կողմից արձագանք գոյություն չունի: Պարոն Բենիամին Նաթանյահուն ինչպես որոշի, այդպիսի արձագանք էլ կունենա: Նա այն երջանիկն է, որը որոշում է այս մոլորակի բախտը: Եթե նա որոշեց, որ Ադրբեջանը պետք է կրակի, մի քանի հայ զինվոր սպանվի, կրակի հրանոթներով, հրթիռներով, նա այդպես էլ կանի: Փաստ է այն, որ մեկ տարի առաջ պարոն Նաթանյահուն հրահրեց ապրիլյան պատերազմը և ստացավ դրա համար ՌԴ համաձայնությունը: Այս անգամ նա փորձել է այդ բանն անել, բայց ՌԴ-ի համաձայնությունը չի ստացել: Այս անգամ այդ նույն պահանջին հստակ ասվել է, որ՝ ոչ: Այս երկու ամիս է՝ այդ զրույցն էր գնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ