Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի վերցրած 600 դոլար կաշառքը նրա աշխատավարձի կեսն է. նախկին դատավոր

Հունիս 02,2017 13:14

Դատավորի վերցրած 600 դոլար կաշառքը նրա աշխատավարձի՝ 600.000-ի կեսն է փաստորեն. «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը:

Նշենք, որ 65 տարին չլրացած ու 20 տարվա ստաժ ունեցող դատախազների ու քննիչների թոշակի գնալու և նրանց բավականին բարձր թոշակ նշանակելու հարցը լուրջ դժգոհություն առաջացրեց:

Այս առիթով պարոն Օհանյանը համեմատություն տարավ թաղապետերի, քաղաքապետերի աշխատավարձի հետ. «Եթե քաղաքապետը, թաղապետը ստանում է 160.000 դրամ, նրանից չես կարող պահանջել իդեալական աշխատել: Իսկ եթե անձը ստանում է 600.000, 800.000 դրամ աշխատավարձ, բնականաբար, արդեն ոչ մի կերպ արդարացված չեն լինի նրա կոռուպցիոն հավակնությունները: Փաստորեն ստացվում է, որ դատավորի վերցրած 600 դոլար կաշառքն իր աշխատավարձի կեսն է»:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, թե ողջ աշխարհում ինչու են բարձրացնում դատավորական և դատախազական աշխատավարձերը. «Համաշխարհային պրակտիկայում դա դատավորների անկախության կարևորագույն երաշխիքներին մեկն է: Համարվում է, որ ոչ միայն նա պետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով, այլև չունենա գայթակղություն կուտակելու գումարներ անարդար փողերով»:

Այս տեսանկյունից ըստ տիկին Ալավերդյանի՝ դատավորների ու դատախազների թոշակը բարձրացնելու որոշումն իրավիճակային է. «Սա արվում է պահի, իրավիճակային կառավարման մոդելի ներքո, և հարց է առաջանում, արդյոք դա արվում է հեռահար նպատակներո՞վ, երկրի զարգացումը, վստահությունն ու արդարության զգացումը հասարակության մեջ ավելացնելո՞ւ համար: Ժամանակին, երբ դատախազների աշխատավարձն էին բարձրացնում մարտի 1-ից հետո, դա դիտվեց որպես կաշառք բարձրագույն իշխանության կողմից դատախազությանը: Բայց այդ հմուտ դատախազներն այդպես էլ չբացահայտեցին մարտի 1-ի դեպքերը: Եվ փաստորեն դատախազների աշխատավարձի բարձրացումը մնաց որպես հատվածական, զուտ այլ նպատակների համար արված, ոչ թե հանուն վստահության»:

Լարիսա Ալավերդյանը հիմա էլ նույն տպավորությունն ունի և կարծում է, որ խորհրդարանն այս հարցում ճիշտ կլիներ, որ շտապողականություն չցուցաբերեր. «Նախ պետք է հստակեցվեր՝ առնվազն մոտակա 5-10 տարվա մեջ ինչպե՞ս են փոխվելու նվազագույն թոշակները, ի՞նչ այլ խավեր են դրանց մեջ մտնելու, հետո ընդունվեր այս օրենքը դատախազների համար: Այս շտապողականությունը կամ այլ նպատակ է հետապնդում, կամ իշխանությունները ցանկանում են դատավորներին դուր գալ: Ավելի են սերտանում իշխանություններ-դատական համակարգ հարաբերությունները: Ոչ թե ստեղծում են հակակշիռների մեխանիզմը, այլ ուժեղանում է իրար հետ համաձայնվելու մեխանիզմը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930