Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերօթիկում նաեւ խոշտանգումներ են եղել եւ նախարարն է հանձնարարել ծեծի ու չարաշահումների մասին նամակի հեղինակներին գտնել»

Հունիս 02,2017 13:08

Բյուրեղավանի գիշերօթիկի նախկին տնօրենը երբեմն նաեւ խոշտանգման է ենթարկել սաներին: Այս մասին դատարանում հայտարարել է դատախազը՝ հիմնվելով գործով ներգրավված վկաների ցուցմունքների վրա:

Aravot.am –ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ այս գիշերօթիկի մի խումբ աշխատակիցներ եւ սաներ բաց նամակ էին ուղղել եւ պատմել, որ գիշերօթիկի այն ժամանակվա տնօրեն Գայանե Մարգարյանը ֆինանսական չարաշահումներ է թույլ տալիս, երեխաների նկատմամբ բռնություն կիրառում:

Մարգարյանի նկատմամբ, ինչպես քննչական կոմիտեն է հայտնել, մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար: Պարզվել է, որ Մարգարյանը մոտ 50 միլիոն դրամի գումարի չարաշահում է թույլ տվել:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենք մի քանի անգամ հանցագործության մասին հաղորդումներ էին տալիս, ըստ որի՝ այս գործով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն ու ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի Լալա Ղազարյանը եւս առնչություն ունեն այս գործով, եւ պահանջում ուսումնասիրել եւ պատասխանատվության ենթարկել, սակայն քրեական գործ չէր հարուցվում: Երկար պայքարից հետո դատախազությունը գործ հարուցել էր ու կարճ ժամանակ անց քննիչը որոշում էր կայացրել գործը կարճել: Որոշումը վերացնելու հայցով փաստաբանը բողոքարկել էր դատարան. օրերս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարվել է փաստաբանի հայցադիմումը:

Տիգրան Հայրապետյանը գործով ներգրավվածների ցուցմունքներից ուշագրավ մանրամասներ ներկայացրեց: Մասնավորապես, Հայրապետյանն ասաց, որ ըստ գիշերօթիկի աշխատակիցների մի քանի ցուցմունքների, Ֆիլարետ Բերիկյանն ու Լալա Ղազարյանը բաց նամակից հետո այց էին կատարել գիշերօթիկ, նրանց նպատակը խախտումները բացահայտելը չէր, այլ՝ նամակի հեղինակներին բացահայտելը:

Բերիկյանն ու Ղազարյանն, ինչպես փաստաբանն ասաց, նամակի հեղինակներին բացահայտելու փորձը կատարել են նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարությամբ, այս մասին Բերիկյանն է իր ցուցմունքում ասել: Հայրապետյանի ներկայացմամբ, Բերիկյանն իր քայլն ու նախարարի այդ հանձնարարությունը հիմնավորել է այն հանգամանքով, իբր թե փորձել են բացահայտել հեղինակներին, որպեսզի գիշերօթիկի խախտումների մասին իմանան եւ սկսեն զբաղվել դրանցով: «Մինչդեռ նամակում ամեն ինչ պարզ գրված էր, թե ինչ խախտումներ էին, ինչ է կատարվում գիշերօթիկում, այսինքն՝ հավելյալ որեւէ տեղեկություն հարկավոր չէր Բերիկյանին խախտումները պարզելու ու շտկելու համար: Ավելին՝ Բերիկյանն ու մյուս պաշտոնյանները այդ նամակից հետո որեւէ բան չեն արել խնդիրները շտկելու համար, Բերիկյանն անգամ իմանալով, թե ով է նամակի հեղինակը, որը 18-20 տարեկան մի աղջիկ է, զանգել եւ նրան սպառնացել է, կոպիտ խոսել հետը: Բայց Բերիկյանն էլ ասել է, թե շատ սիրալիր է խոսել այդ աղջկա հետ: Այս ամենը կա ցուցմունքներում: Բերիկյանն ու Ղազարյանը գիշերօթիկ այցի ժամանակ հավաքել են աշխատակիցներին ու ասել՝ մենք պարզելու ենք, թե ովքեր են նամակ գրել: Լրագրողները գալիս-գնում են, իսկ մենք մշտապես կանք: Հետո ցուցակ են գրել ու պարտադրել ստորագրել, իբր՝ կապ չունեն նամակի հետ, բոլորն ահաբեկված ստորագրել են, միայն մեկ աշխատակից չի ստորագրել»,-ասաց Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ Բերիկյանն ու Ղազարյանը նաեւ պնդել են դատարանում, թե իրենք չեն այդ ոլորտի պատասխանատուն եղել, պարզապես նախարարի հանձնարարությամբ են այցելել գիշերօթիկ. «Հիմա մեր պահանջն այն է, որպեսզի բացահայտվի, թե այդ նախարարությունում ով է պատասխանատու պաշտոնյան այդ ամենի: Միայն տնօրենին պատժելով չպետք է ավարտվի, քանի որ տնօրենն էլ վերադաս ունի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930