Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Դպրոցներ կան, որտեղ երեխաները մինչեւ ժամը 2-ը ջուր չեն խմում»

Հունիս 02,2017 12:58

Հունիսի 2-ին «Մեդիա» կենտրոնում կայացած քննարկումը դպրոցների օպտիմալացման թեմայով էր: Մասնակցում էր միայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, իսկ ԿԳ նախարարության ներկայացուցիչը չէր կարողացել ներկա գտնվել:

Պարոն Խաչատրյանն անդրադառնալով մասնավորապես գյուղական դպրոցներին, փաստեց, որ 1992-ին ՀՀ գյուղերում եղել է 235 հազար աշակերտ, մինչդեռ այսօր նրանց թիվը 100 հազարով պակասել է: «Մեծ թվով կորուստներ ունենք գյուղական դպրոցներում, եւ եթե անելու ենք օպտիմալացումը,ապա լավ կլինի, որ խնայված ռեսուրսները ուղղվեն գյուղական դպրոցներ, որոնց երեխաները ունեն տոկունություն, ուժեղ բնավորություն, ու եթե այդ ամենի հետ էլ լավ կրթություն ստանան, ապագա հրաշալի առաջնորդներ կունենանք»,- ասաց կրթության փորձագետը

Նրա ձեւակերպմամբ, քաղաքային ապրելակերպը երեխաների վրա վատ է ազդում, իսկ գյուղականը ուժեղ է դարձնում, սակայն այնտեղ էլ կրթության խնդիր կա: «120 գյուղական դպրոցում նույնիսկ ջուր չկա, զուգարան չկա, երեխաները մինչեւ ժամը 2-ը ջուր չեն խմում, ինչպե՞ս կարող է ծարավ երեխան լավ սովորել: Այսօր գյուղի ուսուցիչների ճնշող մեծամասնությունը զբաղված է անասնապահությամբ ու հողագործությամբ, դրանք են նրանց համար առաջնային զբաղմունքը եւ ոչ թե մանկավարժությունը… Դպրոցներ ունենք, որտեղ 3 տարբեր դասարանների երեխաներ միասին դաս են անում,ուսուցիչը ստիպված 15 րոպե մեկի հետ է պարապում, 15 րոպե` մյուսի, 15 րոպե էլ երրորդի: Սա կարող է բացասաբար անդրադառնալ կրթության որակի վրա»,-շեշտում է Սերոբ Խաչատրյանը:

Նաեւ հավելում է, որ դպրոցների օպտիմալացման լավագույն միջազգային փորձը հետեւյալն է` կառավարության նախաձեռնությամբ ստեղծվում են հարթակներ, որտեղ քննարկվում է այդ երկրի համար կրթության տեսլականը: «Ընդ որում, նախորդ օպտիմալացումը, որ արվել է 2003-04 թթ ավելի նախապատրաստված էր, քան այսօրվանը: Այն ժամանակ գոնե եղել է կոնկրետ ծրագիր, սոցիալական փաթեթ եւ այլն…Կրթության համակարգը սիրում է հանգիստ պլանավորել, լսել ուսուցիչներին եւ տնօրեններին… Չէ՞ որ ուսուցիչն առաջին գծում կռվողն է, ինքը գիտի` ինչ է պետք, իսկ մենք պետք է ստեղծենք համապատասխան միջավայր, որպեսզի իրենք հանգիստ խոսեն»,-համոզված է կրթության փորձագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930