Քաշաթաղի շրջանի հարավում շուտով կսկսվի հացահատիկի բերքահավաքը: Հունիսի 1-ին Իշխանաձորում, որտեղ գործում է հակահրդեհային շտաբ, հարավային թևի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացավ խորհրդակցություն, որն անցկացրեց շրջվարչակազմի ղեկավար, շտաբի պետ Սուրեն Խաչատրյանը: Տեղեկացրեց, որ բերքահավաքին կօժանդակեն ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանային Փրկարար ծառայության ՓԾ բաժինը, մոտակա զորամասը, այլ կառույցներ:
Աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ անցած տարվա աշնանը 17171հա և այս գարնանը կատարվել է 20081հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Բացի նշված հացաբույսերից, 2017-ին ցանվել է 4հա հնդկացորեն, 77հա արևածաղիկ, 130հա առվույտ, 63հա կտավատ, 396հա կորնգան և այլ բուսատեսակներ:
Այժմ շրջվարչակազմի ղեկավարի հանձնարարականով իրականացվում են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, հակահրդեհային պաշտպանիչ շերտի հերկ: Շրջանում կա 23 կոմբայն, մնացած պակասը կլրացվի ինչպես միշտ՝ Սյունիքի մարզից կոմբայններ բերելով: Այս տարի նախատեսած է բերել 60-ը:
ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի ՓԾ բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկություն տվեց կատարված աշխատանքի մասին՝ նշելով՝ կստեղծվեն 3 հակահրդեհային հենակետետ՝ կահավորված համապատասխան սարքավորումներով:
Վերջին օրերին շրջանում կայացան ուսումնավարժական հավաքներին անդրադարձավ շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը: Այս հարցով շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ աշխատանքները բարեխիղճ կատարելու համար որոշ համայնքների ղեկավարներ շրջվարչակազմի ղեկավարի հրամանով արժանացել են պատվոգրի, դրանք հանձնեց Ս. Խաչատրյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարեց համայնքների ու համապատասխան կառույցների ղեկավարներին, ներկայացուցիչներին՝ աշխատել համատեղ, անել ամեն ինչ, որ բերքահավաքը կատարվի ժամանակին ու անկորուստ:
Խորհրդակցությունից հետո, երբ վերադառնում էինք Բերձոր, Ծաղկաբերդում ականատես եղանք տեղացած կարկտի հասցրած վնասներին: Ծաղկաբերդի գյուղական համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը տեղեկացրեց՝ կարկուտը վնասել է Հակարի գետի աջակողմյան սարահարթում գտնվող գարու և ցորենի ցանքատարածքները, ինչպես նաև գետի ձախափնյա ջրովի 10 հա ցորենի արտը, որից բարձր բերքատվություն էր սպասվում: Գրեթե հասունացած ցորենի հասկերը կոտրվել էին, ցողունները սառցաջրի մեջ էին:
Կարկտահարված տեղամաս եկավ նաև շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը. ծանոթանալով իրավիճակին՝ հանձնարարականներ տվեց գյուղվարչության պետին և Ծաղկաբերդի համայնքի ղեկավարին. ճշտեն վնասների չափերը, կազմեն արձանագրություն և ներկայացնեն առաջարկ:
Ծաղկաբերդի տարածքն արդեն մի քանի անգամ ենթարկվում է բնության այս տարերքին, և հողօգտագործողները մնում են ձեռնունայն: Ուստի անհրաժեշտ է տարածքում հակակարկտային կայաններ տեղակայել, այլապես անիմաստ է դառնում գյուղացու՝ ամիսների քրտինքը, կատարած ներդրումները:
Զոհրաբ Ըռքոյան