ԱՄՆ-ում հակածխախոտային օրենքները բոլոր նահանգներում են գործում։ Արգելված է հասարակական վայրում կամ ծառայողական տրանսպորտում ծխել. դրա համար 1000 դոլար տուգանք է սահմանված։ Գրեթե բոլոր նահանգներում հանգիստ կարելի է ծխել միայն տանը, սեփական մեքենայում եւ հատուկ հյուրանոցային համարներում։
Իտալիա. հասարակական վայրում ծխելու համար նախատեսված է 50 եվրո տուգանք, իսկ եթե ծխելու ժամանակ մոտակայքում հղի կին կամ երեխա լինի, դառնում է 500 եվրո։
Շվեդիա. այստեղ այլ կերպ են պայքարում ծխելու դեմ։ Սիգարետներն այստեղ աշխարհում ամենաթանկերից է։ Ծխելը թարգողներին հատուկ պարգեւավճարներ են տալիս։ Ուսանողը, որ ցանկանում կրթաթոշակ ստանալ, նախ պետք է ծխելը թողնի։
Դանիա. հասարակական վայրերում եւ աշխատանքի տեղում արգելված է։ Ծխախոտը շատ թանկ է։ Հակածխախոտային արշավին աջակցում է Մարգարիտա 2-րդ թագուհին, որը հենց ինքն է մոլի ծխող։
Մեծ Բրիտանիա. մենք էլ ասում ենք, ինչո՞ւ են հայերն այստեղ այդքան քիչ։ Ծխելն արգելված է գարեջրատներում, ռեստորաններում, սրճարաններում եւ ժամանցի այլ վայրերում։ Հասարակական միակ վայրը, որտեղ թույլատրվում է ծխել… բանտն է, ավելի ճիշտ՝ բանտախուցը։
Գերմանիա. հասարակական վայրերում, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում արգելված է։
Հոլանդիա. սա երկիր չի, այլ դրախտ, ծխելուց հրաժարվողները թոշակ են ստանում։ Նա, ով հայտարարում է ծխելը թողնելու մասին, հատուկ ստուգման է ենթարկվում, եւ եթե զննումը ոչինչ չհայտնաբերի, ապա այդ մարդը ամսական 200 դոլար կստանա։
Կանադա. կանադացիները ավելի օրիգինալ բան են մտածել, հասարակական բոլոր վայրերից, ռեստորաններից, սրճարաններից պարզապես հավաքել են մոխրամանները։ Ու վերջ։ Ծխախոտային ընկերություններին արգելված է հովանավորել մարզական միջոցառումները։
Բայց ծխախոտի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ մեթոդը երեւի Բութանում է: Կարելի է ասել, հակածխախոտային չեմպիոնը ինքն է: Պարզ ու կոնկրետ։ Բութանում ծխելն արգելված է դեռեւս 17-րդ դարից ու վերջ։ Մի քանի տարի առաջ ընդհանրապես արգելվեց ծխախոտի վաճառքն ամբողջ երկրի տարածքում։ Նա, ով ցանկանում է ծխել, պետք է մեկնի հարեւան երկրներից մեկը։ Ծխելուց բռնեցին, նվազագույնը 3 տարվա ագատազրկում է սպառնում։ Իսկ մենք դեռ բողոքում ենք։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում