Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում երկրից արտագաղթել է 14 հազար 984 մարդ։ Ճիշտ է՝ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ՝ այս տարի արտագաղթողների թիվը պակասել է. 2016 թ. արտագաղթել էր 16 հազար մարդ, բայց միայն փաստը, որ արտահոսքը շարունակվում է, ինքնին մտահոգվելու տեղիք է տալիս։ Բացի այդ՝ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թիվը, որն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 981.5 հազար հոգի, մինչդեռ այն մեկ տարի առաջ 12.9 հազարով շատ էր։
Բայց ներկայացված թվերը միայն այսբերգի երեւացող մասն են։ Իրականությունը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել։ Եվ Հայաստանից արտագաղթի ծավալների մասին պատկերացում կազմելու համար կարելի է վերլուծել տարբեր ոլորտների ցուցանիշներ։
Վերցնենք, օրինակ, աշակերտների թվաքանակի դինամիկան կամ հացի արտադրության ծավալները։ Սրանք այն հիմնական ցուցանիշներն են, որոնք անուղղակի, սակայն, միանգամայն ճշգրիտ արտացոլում են ժողովրդագրական վիճակը։
Եվ այսպես, ԱՎԾ տվյալներով՝ 1997-1998 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորել է 597.8 հազար աշակերտ։ 2005-2006թթ. արդեն աշակերտների թիվը դարձել է 477.9 հազար, 2008-2009թթ. այդ թիվը էլ ավելի է նվազել՝ 414.8 հազար։ 2011-2012թթ. դպրոցներում սովորողների քանակը դարձել է 386.4 հազար, իսկ արդեն 2015-2016թթ. Հայաստանի դպրոցներում սովորել է 364.4 հազար աշակերտ։ Ուշադրություն դարձրեք այս դինամիկային. 18 տարվա ընթացքում աշակերտների թիվը պակասել է 233.4 հազարով կամ 40 տոկոսով, իսկ միայն վերջին տասը տարիներին՝ 113.5 հազարով կամ 24 տոկոսով։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում