Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից. աշխարհի արձագանքը

Հունիս 02,2017 11:19

Համաշխարհային առաջնորդները և քաղաքական գործիչները դատապարտել են Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Մասնավորապես ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Twitter-ի իր էջում դա անվանել է պատմական սխալ:

«Պատմական սխալ: Աշխարհը միասին առաջ է շարժվում կլիմայի փոփոխության հարցում: Փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը ամերիկացի աշխատողներին և ընտանիքներին թողնում է ետևում»,- գրել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես սխալ է համարել Թրամփի այդ որոշումը:

«Ես հարգում եմ ԱՄՆ-ը Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս բերելու որոշումը, բայց ցավում եմ դրա համար: Ես կարծում եմ, որ նա (Թրամփը-խմբ.) սխալ է գործում իր երկրի ապագայի և նրա մարդկանց, ինչպես նաև ապագա մոլորակի հանդեպ»,- գրել է նա Twitter-ում:

Մակրոնը նաև հիշեցրել է, որ համաձայնագիրը ստորագրել է 195 երկիր:

Թրամփի որոշման կապակցությամբ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները:

«Մենք անդառնալի ենք համարում այն խթանը, որ գործի էր դրվել Փարիզում 2015թ. դեկտեմբերին, և վստահ ենք, որ Փարիզյան համաձայնագիրը չի կարող վերանայվել, քանի որ կենսական կարևոր է մոլորակի, հասարակության և տնտեսության համար»,- ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կշարունակեն իրականացնել Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը: Նրանք կոչ են արել պետություններին ուժեղացնել իրենց գործողությունները՝ ուղղված կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Եվրահանձնաժողովի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Փարիզի համաձայնագիրը «կենդանի է», և ԵՄ-ը կիրականացնի այն ԱՄՆ վարչակազմի մասնակցությամբ կամ առանց նրա:

Բրիտանական Independent թերթը գրում է, որ Վատիկանը հայտարարել է՝ Թրամփի արարքը «ապտակ» էր Հռոմի պապի դեմքին և իսկական աղետ բոլորի համար:

Հիշեցենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ իր երկիրը դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից:

«Մենք դուրս ենք գալիս»,- Սպիտակ տան Վարդերի այգում կազմակերպված միջոցառմանը ասել էր Թրամփը՝ դատապարտելով «հրեշավոր» ֆինանսական և տնտեսական բեռը, որ դրվում է երկրի վրա այդ համաձայնագրով:

«Ամերիկան և նրա քաղաքացիներին պաշտպանելու իմ հանդիսավոր պարտավորությունը պահելու համար Միացյալ Նահանգները դուրս են գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից»,- ասել էր Թրամփը:

Նրա խոսքով՝ այդ համաձայնագրի պայմանների կատարումը ԱՄՆ-ին կարող է արժենալ մինչև 2025թ. 2.7 մլն աշխատատեղերի կորուստ:

Թրամփը հավելել էր, որ ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի կամ ևս մեկ անգամ Փարիզյան համաձայնագրին միանալու, կամ կնքելու «նոր գործարք այնպիսի պայմաններով, որոնք արդարացի կլինեն ԱՄՆ-ի, նրա ձեռնարկությունների, նրա աշխատակիցների, նրա մարդկանց և նրա հարկատուների համար»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930