Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքեր ծխելու շուրջ

Հունիս 02,2017 10:14
cxaxot

Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Ծխելու դեմ պայքարի օրը: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են ասուլիսներ, խոսվում է ծխելու վնասների, հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին եւ այլն: Ինձ չի թվում, որ այս տարի ինչ-որ արտառոց կամ վիճելի բան ասվեց: (Ուրիշ հարց, որ կրկնվող ձեւակերպումները գործերի չեն վերածվում): Պարզապես այս սեզոնին ֆեյսբուքահայությունն այնքան պարապ էր մնացել, որ սկսեց քննարկել այս ստանդարտ խոսքերը՝ առաջ քաշելով տարաշխարհիկ վարկածներ: Մասնավորապես, Հայաստանում պայքարում են ծխելու դեմ, որովհետեւ «օրթաղ» գործ են բռնել «Ֆիլիպ Մորիսի» հետ, որն ուզում է մեր ժողովրդի վրա էլեկտրոնային սիգարետներ ծախել: Բայց ոչ մի մասնագետ եւ ոչ մի պաշտոնյա թե՛ Հայաստանում եւ թե՛ որեւէ այլ երկրում չի ասել ու չի ասելու, որ էլեկտրոնային ծխախոտը վնասակար չէ` ի տարբերություն սովորականի: Ծխելու դեմ պայքարողները պայքարում են բոլոր տեսակի սիգարետ ծխելու դեմ:

Դավադրության տեսություններն ընդհանրապես հատուկ են մեր ազգին, բայց՝ հատկապես ֆեյսբուքում: Օրինակ՝ մարդիկ համոզված են, որ փակ տարածքում, հասարակական վայրում ծխելն արգելելու դեպքում ինչ-որ օլիգարխ շահելու է: Բայց իրականում սրճարանների, ռեստորանների սեփականատերերը տուժելու են: Եվ հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ արգելքը չի գործելու, իսկ եթե ես բողոքեմ, որ իմ կողքի սեղանին ծխում են, ապա թե այդ ծխողը եւ թե «օբյեկտի տերը» ինձ խիստ կհանդիմանեն՝ «դու հո գործ տվող չե՞ս»: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ խոսքերից այն կողմ գործը չի գնա:
Ծխախոտի գինը բարձրացնելը նույնպես ստանդարտ քայլ է, որն արվել է բոլոր զարգացած եւ զարգացող երկրներում: Դրանից նույնպես արտադրողները չեն շահելու, որովհետեւ՝ ա/ բարձրացվում է ակցիզային հարկը, ոչ թե նրանց եկամուտը, բ/ թանկ ապրանքը վաճառելն ավելի դժվար է: Եթե մեզ շրջապատող երկրներում ծխախոտն ավելի էժան լիներ, քան Հայաստանում, ապա մեր ծխողները կփնտրեին նման ծխախոտ, բայց հարեւանների մոտ ծխախոտն արդեն «հասցրել» են 2-3 անգամ թանկացնել: Եվ դարձյալ ես կասկածում եմ, որ դա կանեն Հայաստանում` հաշվի առնելով հենց մեր արտադրողների լոբբինգը:
Իհարկե, ծխելը կամ չծխելը ուղղակիորեն կապված չէ մարդու, անհատի հաջողակ կամ ոչ հաջողակ լինելու հետ: Բայց, կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ առողջ ապրելակերպը հատուկ է զարգացած, քաղաքակիրթ, առաջադեմ հասարակություններին, որտեղ քարոզվում է իմաստալից, բովանդակալից, նպատակասլաց կյանքը: Դա էր, որ, հավանաբար, նկատի ուներ առողջապահության նախարարը:

Բայց ամենահետաքրքիր արձագանքը հետեւյալն էր. «Ծխելու եմ: Այս իշխանությունների ինադու օրը 4 տուփ եմ ծխելու»: Շատ տրամաբանական է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. araqel says:

    “Բայց ամենահետաքրքիր արձագանքը հետեւյալն էր. «Ծխելու եմ: Այս իշխանությունների ինադու օրը 4 տուփ եմ ծխելու»: Շատ տրամաբանական է: ”

    Ոչ միայն ամենահետաքրքիրըը, այլ նաև ամնեագուշակելին: Սենց ասողնեևրը բացարձակ փոքրամասնությունն է- էսես ասած “SERZIK – HERACIR”-ը: 😀

  2. Լավատես says:

    Ով ուզում է թարգել ծխելը ասեմ սեփական փորձս՝ քսան տարի ծխել եմ ու հենց անցա երրորդ տուփին հասկացա որ պետք է թարգեմ ու արդեն տասը տարուց ավել է չեմ ծխում: Չեմ ասի թե հզոր կամքի ուժ ունեմ, բայց կոտոշավոր եմ լավ իմաստով, այսինքն միակ հատկանիշը որն անհրաժեշտ է դա համառությունն է՝ մի քսան անգամ թարգել ու նորից սկսել եմ մինչեւ վերջնականապես թարգեցի: Հեչ դարդ մի արեք, որ ՝սայթաքում եք՝ ու նորից սկսում, կարեւորը մի հրաժարվեք ձեր նպատակից ու եղեք հետեւողական ու համառ մինչեւ նպատակի արդյունք՝ հաղթանակ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930