Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը ցանկացել է զանգել Տիգրան Մանսուրյանին ու Արտավազդ Փելեշյանին՝ ճշտելու, թե որքան թոշակ են ստանում

Հունիս 02,2017 15:00

Պատգամավորը դիմել է ՀՀ վարչապետին

Երեկ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ձայների 61 «կողմ», 35 «դեմ» հարաբերակցությամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին փաթեթը:
Նշենք, որ այս խնդրահարույց փաթեթին «դեմ» արտահայտվեցին ԲՀԿ-ի եւ «Ելք»-ի մի շարք պատգամավորներ: Օրինակ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք իրենց դիրքորոշմանը հավատարիմ են մնալու եւ հանդես են գալու առաջարկություններով:

«Առավոտ»-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ արդեն այս հարցով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պահանջել վիճակագրություն, թե որքանով է դատավորների եւ քննիչների աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը նպաստել ոլորտում կոռուպցիայի նվազեցմանը: Նա նշեց, որ Կարեն Կարապետյանից պաշտոնական վիճակագրություն է պահանջել, թե հակակոռուպցիոն համակարգում նման բարձր աշխատավարձ եւ թոշակ ներդնելուց հետո որքա՞ն են նվազել կոռուպցիոն դեպքերը:
Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռ 2007-ին, երբ ԵՄ-ի տարբեր կառույցների հետ իրենք քննարկում էին արդարադատության համակարգում բարեփոխումների խնդիրը, որպես հիմնական խնդիր ԵՄ գործընկերները բարձրացնում էին դատավորների եւ քննիչների ցածր աշխատավարձը եւ նաեւ կենսաթոշակը` նշելով, որ միգուցե նրանց սոցիալական որոշակի երաշխիքների տրամադրումը լավագույն գործիքը կլինի այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, եւ դա այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում էր:

Սակայն ԲՀԿ-ական պատգամավորը հավաստիացնում է, որ տասը տարին բավականաչափ ժամանակ էր՝ հասկանալու, որ կոռուպցիոն ռիսկերը դատական համակարգում ոչ միայն չեն նվազում, այլեւ բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում հասարակության դժգոհությունը ոչ թե սոցիալական վիճակից է, այլ առաջին տեղում բողոքը դատական համակարգից, դատարաններից, դատավորներից է. «Երբ համեմատում ենք դատավորների, դատախազների թոշակները այլ շերտերի թոշակների հետ, ապա այդ համեմատության մեջ պարզ է դառնում, որ նրանք ստանում են մեր հնարավորությունների սահմանում առավելագույն աշխատավարձ եւ թոշակ, բայց գնալով այդ համակարգում կոռուպցիան խորանում է: Մեկ-երկու շոուները, որ կազմակերպեցին` դալաններում դատավոր բռնել, դա բացարձակապես չի մեղմացնում պատկերը: Բազում դատավորների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը տեսեք, թե ինչ առասպելային կարողություն ունեն»:

Տիկին Զոհրաբյանի համար հետեւությունը մեկն է՝ եթե գործիքը, որը տրվել է համապատասխան կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, եղել է անարդյունավետ, ուրեմն պիտի հակառակ գործընթացն իրականացնել: Պատգամավորը նշեց, որ խորհրդարանի գործընկերների հետ քննարկելու են այս հարցը եւ առաջարկելու, որ նշված խմբի անձինք ստանան տարիքային թոշակ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, եւ նաեւ առաջարկելու են աշխատավարձի վերանայում. «Այդ սոցիալական երաշխիքը` բրոնյան ու բոնուսը, որ տրված էր իրենց, պետք է նրանց ձեռքից վերցվի»:

Դառնալով ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի այն հավաստիացումներին, թե այս նախագծով չեն փորձում կոռուպցիոն խնդիրներ լուծել, այլ սոցիալական, տիկին Զոհրաբյանն ասաց. «Երբ երիտասարդ փոխնախարարն ասում է, որ այստեղ հակակոռուպցիոն մոտիվացիա դրված չէ, դա նշանակում է, որ նա ուղղակի տեղյակ չէ, որ դատավորների եւ քննիչների աշխատավարձերի ու թոշակների նման թիվ սահմանելու միակ եւ գլխավոր մոտիվացիան եղել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, որը զրոյական արդյունք է տվել»:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պաշտոնական թվերը ստանալուց հետո իրենք խմբակցությամբ հանդես կգան նախաձեռնությամբ:

Մեր այն դիտարկմանը, թե օրենքի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում տպավորություն ստացվեց, որ օրենքի նախագծին դեմ արտահայտվող պատգամավորներն, այսպես ասած, «չուզողներն» են, մանավանդ, որ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հորդորեց, թե «մեկ-մեկ էլ ձեզ հարց տվեք էլի, որ բարձր կենսաթոշակ եք ստանում, ինչո՞ւ եք ստանում», տիկին Զոհրաբյանն արձագանքեց. «Եթե խորհրդարանական մեծամասնության առջեւ դրվում է խնդիր, որ մածունը սեւ է, ուրեմն պետք է ամեն կերպ հիմնավորեն դա: Ամենեւին չեմ նախանձում իրենց բաժին հասած բախտին: Տասը տարի այդ վարքագիծը չի փոխվել, ցավոք, առաջիկա տասը տարում էլ չի փոխվելու»:

Մեր այն հիշեցմանը, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ «եթե որեւէ մեկը կարողանա ասել, թե այս օրենքը եղել է կոնկրետ սուբյեկտի ուղղված՝ քննիչի կամ, ասենք, Քննչական կոմիտեի քննիչի, ՀՔԾ-ի, հարկայինի կամ ԱԱԾ քննիչի, ես հրապարակային ներողություն կխնդրեմ Հանրապետության հրապարակից», տիկին Զոհրաբյանն ասաց, թե որեւէ բան ապացուցելու խնդիր չկա, ու հավելեց. «Ակնհայտ է, որ 2007-ից գործում է սոցիալական երաշխիքի բոնուսը այդ դատավորների ու դատախազների համար, եւ նույն Գեւորգ Կոստանյանը չհերքեց, որ համակարգում խնդիրներ ու կոռուպցիոն ռիսկեր կան: Այստեղ մեկը մեկին ապացուցելու խնդիր չկա: Մենք մեր տեսակետն ունենք, ներկայացնելու ենք մեր առաջարկությունները»: Տիկին Զոհրաբյանը պատմեց, թե անգամ երեկ ցանկացել է զանգել Տիգրան Մանսուրյանին եւ Արտավազդ Փելեշյանին ու հարցնել, թե իրենք ինչքան կենսաթոշակ են ստանում: Թեեւ առանց նրանց հետ խոսելու էլ տիկին Զոհրաբյանը վստահ է, որ մի քանի անգամ ավելի քիչ, քան որեւէ դատախազ կամ քննիչ:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930