Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվան դեռ հանդարտ է, բայց ոչինչ բացառել չի կարելի

Հունիս 02,2017 12:00

ԵՄ-ն հույս ունի, որ Հայաստանն այս անգամ կստորագրի
նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Թիրախային ամսաթիվը` նոյեմբեր

Անցյալ շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել էր ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամկետներին վերաբերող հարցերին: Օրերս, երբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բրյուսել՝ ԵՄ-ՀՀ համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու, հույս հայտնեց, որ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը կստորագրվի նոյեմբեր ամսին՝ մինչեւ Բրյուսելում կկայանա Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: «Այժմ համաձայնագիրը մշակման փուլում է, եվրոպական հանձնաժողովի համապատասխան հանձնաժողովը բառ առ բառ ամեն եզրույթ ուսումնասիրում է, որպեսզի համաձայնագիրը համապատասխանի սպասվող պահանջներին: Թիրախային ամսաթիվը նոյեմբերն է»,- նշել էր Սվիտալսկին:
ԵՄ դեսպանի դիտարկմամբ՝ համաձայնագրի հաստատման համար կանաչ լույս պետք է վառեն նաեւ ԵՄ անդամ պետությունները, նա հույս հայտնեց, որ հաստատումը շուտով կլինի, եւ միայն գործընկերության գերակայության հաստատումից հետո ներդրումների թվային դրսեւորումը հայտնի կլինի:

Անցյալ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը հրավիրված մամուլի ասուլիսում նկատել էր. «Այո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, գիտենք, թե ինչ կատարվեց 2013-ին, բայց այժմ նախագահ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրոպական միության հետ, եւ սա կարեւոր է մեզ՝ Եվրամիության համար»: «Հույս ունեմ, որ այս մանրակրկիտ եւ բարդ բանակցային գործընթացը կհասնի ավարտին, քանի որ դա շահեկան կլինի Հայաստանի ժողովրդի եւ բիզնեսի համար»,- հավելել էր Մաքալիստերը:
Երկու շաբաթ առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, որը «Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի» նոր փաստաթղթի շուրջ հայկական կողմի գլխավոր բանակցողն է, Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի եւ Եվրամիության ցանկությունն է համագործակցության մասին նախաստորագրված համաձայնագիրը ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։ Ըստ Կարեն Նազարյանի` արդեն իսկ մեկնարկել են տեքստի իրավական հղկման (սրբագրման) եւ խմբագրման աշխատանքները, միաժամանակ ընթացքում են համաձայնագրի տեքստի թարգմանության աշխատանքները:

«Մինչ ստորագրումը նախատեսված են հետեւյալ ընթացակարգերը՝ նախաստորագրում, որը, ինչպես հայտնի է, արդեն տեղի ունեցավ այս տարվա մարտին Երեւանում, իրավական սրբագրում եւ թարգմանություն, որի մասին արդեն խոսեցի, եւ Համաձայնագրի ստորագրում: Դրանից հետո կապահովվեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Իրենց հերթին ԵՄ անդամ պետությունները եւս պետք է ապահովեն իրենց պետությունների օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերը, եւ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կողմերից այդ ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը ստացվելու օրվանից»,- պարզաբանել էր Կարեն Նազարյանը:

Նշենք, որ ավելի վաղ` ապրիլի սկզբին, Երեւանում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան էր նաեւ հայտարարել, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախաստորագրված փաստաթուղթը կստորագրվի նոյեմբերին՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

Եթե «ֆորս-մաժորներ» չլինեն

Այսպիսով, կողմերի ցանկությունն է ԵՄ-ՀՀ համաձայնագիրը ստորագրել մինչեւ տարեվերջ, իսկ ավելի կոնկրետ` նոյեմբերին, Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։

2013թ. նոյեմբերին նախատեսված էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում: Թե ինչով ավարտվեցին երեքուկես տարվա բանակցությունները` բոլորն են հիշում: Այժմ եւս նախատեսվում է համաձայնագրի ստորագրում` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Դա արդեն իսկ նախաստորագրված փաստաթուղթ է, մնացել են, փաստորեն, տեխնիկական հարցեր:

Երբ հարց է բարձրացվում` կարո՞ղ են խոչընդոտներ առաջանալ, կարո՞ղ է հանկարծ Հայաստանը հրաժարվել ստորագրել ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը, պարզ է, որ նման հարցադրումներն առավել կոնկրետ ենթատեքստ ունեն: Ավելի հստակ ու անկեղծ կարելի է հարց բարձրացնել՝ իսկ հնարավո՞ր է Մոսկվան վերջին պահին դեմ արտահայտվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնությանը: Հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել Մոսկվայի դեպքում: Ի դեպ, Մոսկվան կարող է մինչեւ նոյեմբեր էլ որեւէ ձեւով ցույց չտալ, որ կարող է ընդդիմանալ եւ միայն վերջին պահին որոշակի քայլերով գործընթացն արգելափակել:

Իհարկե, դեպքերի նման ընթացքը շատերի համար քիչ հավանական է թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին է անդամակցում, իսկ ԵՄ-ի հետ բանակցվող փաստաթուղթը այնպիսին պետք է լինի, որ չհակասի ԵԱՏՄ-ին Հայաստանի ստանձնած պարտավորություններին, այսինքն` հակասությունները պետք է բացառվեն:
Բայց նույնիսկ այս ամենը երաշխիք չէ, որ Պուտինը մի գեղեցիկ օր չի կարող որոշել, որ Հայաստանը չպետք է ԵՄ-ի նման փաստաթուղթ ստորագրի:

Այս պահին մտահոգվելու առիթներ չկան, եւ ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանը ձգտում է ԵՄ-ի հետ այդ փաստաթուղթը ստորագրել:

Հայաստանը` ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ

Հայաստանն ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է, իսկ Եվրամիությունը Հայաստանի զարգացման ծրագրերի ամենամեծ դոնորն ու աջակիցն է՝ անցյալ շաբաթ Եվրոպայի օրվա ծրագրի պաշտոնական ավարտին նվիրված միջոցառումներին մասնակցելուց առաջ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Քանի դեռ ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթին հասարակությունը ծանոթ չէ, դրա մասին մեկնաբանությունները, գնահատականներն այնքան էլ տեղին չեն լինի: Սակայն պարզ է, որ փաստաթուղթը քաղաքական եւ տնտեսական ոլորտին առնչվող պահանջներ է ունենալու, որոնք ենթադրելու են կոնկրետ բարեփոխումներ` մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսական ազատությունների հարցերում: Ավելին՝ կան կարծիքներ, որ ստորագրման ենթակա նոր համաձայնագիրն իր ուժով չի զիջելու Ասոցացման համաձայնագրին:

Ի վերջո, ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելով` ուղղակի պատասխանատվություն են ստանձնելու գործնականում քայլեր իրականացնել: Դա մի փոքր հույս է Հայաստանն ավելի կանխատեսելի դարձնելու, ռուսական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու հարցում, եւ դրանք ընդամենը խոսքեր չեն, անհրաժեշտ են լինելու տեսլական ու դրա ճանապարհին կոնկրետ քայլեր, օրինակ` կոռուպցիայի վերացում: Քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու հարցում փաստաթղթերի ընդունումը դեռ ոչինչ չի նշանակելու, անհրաժեշտ են լինելու կոնկրետ գործողություններ:
Այս առումով այս տարվա մարտի 21-ին Երեւանում նոր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը կարեւոր քայլ էր: Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Երեւանն ու Բրյուսելը հայտարարեցին, որ համաձայնության են եկել նոր փաստաթղթի շուրջ:

Իսկ մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինին եւ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նալբանդյանը ողջունել էր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը եւ վստահություն հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի ու ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։

Այս հանդիպմանը հաջորդել էր Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։ ՀՀ անունից համաձայնագիրը նախաստորագրել էին գլխավոր բանակցող, ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաեւ առեւտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: ԵՄ անունից նախաստորագրել էին գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինը, ինչպես նաեւ ԵՄ կողմից առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։
Մարտի վերջին ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ Մալթայում` ԵԺԿ համագումարում, Սերժ Սարգսյանը փետրվարի վերջին ԵՄ-ի հետ համաձայնությունը «պատմական իրադարձություն» էր անվանել` հավելելով. «Նախատեսում ենք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարեւոր փաստաթուղթը՝ ապավինելով նաեւ մեր գործընկերների աջակցությանը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման եւ խորացման համար»: Նա նաեւ նշել էր. «ՀՀ-ԵՄ գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից՝ Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության, մյուս կողմից՝ վերջին տարիներին ԵՄ՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով եւ յուրաքանչյուրին տալով դրականը եւ օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

«Առավոտ», 01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930