Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մնում ա՝ մի հատ մեծ փոս փորեն, բոլորիս լցնեն էդ փոսը» (Ֆոտոշարք)

Հունիս 02,2017 14:30

Շաքի գյուղի բնակիչներն իրենց համեմատում են
մանկատան երեխաների հետ

«Այ մարդ, մեզի ոչ ընտրությունն է մի բան տալիս, ոչ չընտրությունը: Հեչ մի բան էլ չի փոխվել: Վարչապետ, մարզպետ, նախարար՝ փոխեն-չփոխեն, մեր կյանքը նույն չարքաշ կյանքն ա»,- ասում են Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակիչները:


Մեր այցելության պահին գյուղամիջում Կամոն կոմբայնն էր նորոգում. չարչարանքը՝ շատ, եկամուտը հազիվ պարտքերը փակելուն է հերիքում. «Չարչարվում ենք, փող ենք ծախսում, «զապչաստ» առնում, սկի օգուտ էլ չի մնում»: Կամոն ասում է՝ միայն Շաքիի արտերում չէ, որ աշխատում է, հարեւան գյուղեր, Արցախ էլ է հասնում, բայց գյուղացիների ձեռքը փող չկա, պատահում է՝ ահագին ուշացումով են տալիս հնձելու գումարը. «10 հազար դրամ է, դե պատկերացրեք՝ գյուղացին սա էլ չի կարողանում վճարել: Գյուղացին չի ապրում, կյանքը քարշ է տալիս: Գյուղացին ոչ անասունից, ոչ տեխնիկայից, ոչ էլ հողից եկամուտ չունի, բայց ո՞նց ա ապրում՝ չենք հասկանում, զարմանալի բան, հրաշք է, անհասկանալի»:
Հետո կոմբայնի շուրջն էլի գյուղացիք են հավաքվում ու մեզ հետ զրույցի բռնվում: «Զբաղմո՞ւնք, ի՞նչ զբաղմունք, ի՞նչ աշխատանք: Հենա ով գյուղապետին ձայն ա տալի, մանկապարտեզում, դպրոցում ու գյուղապետարանում աշխատանքի ա ընդունվում: Էդ մի քանի հոգին. մնացա՞ծը, մնացածն էլ հնդկական սերիալ է նայում»:


Հետաքրքրվում եմ՝ կառավարության՝ լիզինգով գյուղտեխնիկա գնելու մասին ի՞նչ կարծիք ունեն, չե՞ն ցանկանում միավորվել ու միասին անհրաժեշտ գյուղտեխնիկան ձեռք բերել: «Հաշվարկել ենք՝ մի կոմբայնի համար 16 տարի պիտի վճարենք, էդ կոմբայնը տարեկան 2 միլիոն եկամուտ ա ապահովում, էդ ոնց պիտի էդ փողը փակենք: Գյուղացիք բոլորը վարկի տակ են, հիմա էլ մի հատ նոր վարկ են ուզում փաթաթեն վզներիս: Դա չըլնող բան ա: Իրանց ճոխ գրասենյակում նստած ծրագրեր են գրում, մի հատ թող գան ստեղ, մի որոշ ժամանակ ստեղ ապրեն, տեսնեն՝ լիզինգ-միզինգը աշխատո՞ղ ա: Մեր մարդավարի ապրուստի համար խի էդ լիզի՞նգն էր պակասում: 16 տարվա մեջ ով՝ ողջ, ով՝ մեռած, ով՝ խոպան գնացած, բա հետո էդ փողերը ո՞ւմ վզին են մնալու»:


Ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի գյուղացին արժանապատիվ աշխատի ու եկամուտ ունենա՝ այս հարցին մի քանիսը միեւնույն պատասխանն են տալիս՝ սուբսիդավորի: Դիզվառելիքն ու սերմացուն պետությունը սուբսիդավորում է. իմ այս դիտարկումը գյուղացիներին վրդովեցրեց. «Մենակ հարուստներին են սուբսիդավորում, էն որ 100-300 հեկտար հող ունեն, քյասիբը չի սուբսիդավորվում, դրանց ամեն ասածին հավատո՞ւմ եք: Ասենք՝ 4 հեկտար հող ունենք, 100 լիտր սալյարկայի համար պիտի Գորիս հասնենք, ընդեղ են կենտրոնացված դատարկում ու բաժանում: Մինչեւ մեր գյուղից գնանք հասնենք ընդեղ, ահագին էլ գումար ծախսենք, կրկնակի անգամ թանկանում է: Պարսկաստանից 100 դրամով առնում են, բերում են մեր վրա 400 դրամով ծախում, թե՝ սուբսիդավորում ենք»:


Գյուղացիներից մեկն էլ՝ Ժորան, ասում է՝ ոչխարին խուզում են, բուրդը, կաշին դեն նետում, գոնե իրենց շրջանում արտադրամաս լիներ՝ անասունի կաշին ու բուրդը հանձնեին, բուրդը մշակվեր, տեղական բրդյա թել արտադրեին, մինչդեռ այս ապրանքները Թուրքիայից են Հայաստան ներմուծում:


Ասում եմ՝ կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել լավ բիզնես-ծրագրերի համար, նման արտադրամասի առաջարկ ներկայացրեք, ի պատասխան՝ գյուղացիք ասում են. «Հենա, ասեցինք, էլի, մի խելոք մարդ թող գա էդ բիզնեսն անի»:


Շաքին թեեւ գազիֆիկացված է, բայց գյուղացիք աթար են վառում, չեն համարձակվում գազ օգտագործել, հատկապես ձմռանը, ասում են. «Որ գազ վառենք, ասա հենա պըտի հաց չուտենք, սաղ փողը տանք գազին»:

Հարցնում եմ՝ լավ, անասուն չե՞ք պահում, դրանից գոնե եկամուտ ունե՞ք, գյուղացիներից մեկն այսպես է արձագանքում. «Անասունն ա մեզ պահում, իրոք, անասունն ա մեզ պահում»:


Հետո միասին կաթի մթերման գներից են դժգոհում. ասում են՝ 1 լիտր ջերմուկը 250 դրամ է, իսկ 1 լիտր կաթը 100-120 դրամով են մթերում, փողն էլ մինչեւ տալիս են, էլ վարկի, էլ պարտքի վճարման ժամկետն էլ է անցնում. «Գյուղացու աշխատանքը չի գնահատվում: Ինչ էլ ցանում են, բերքն էնքան էժան են ծախում, որ կոմբայնի հախը տան, վարկի տոկոսը տան, ուտելիքի, հագուստի պարտքը տան: Դրանք մենակ մեծ-մեծ խոսում, էդ գալուստուկով, կաստյումով մարդիկ գյուղացու հալն ինչ գիտեն՝ ինչ է: Մանկատանն էղե՞լ ես, այ, էդ մանկատան էրեխեքի նման էլ գյուղացիներն են: Մնում ա՝ մի հատ մեծ փոս փորեն, բոլորիս լցնեն էդ փոսը ու պրծնեն: Էդ կարկտի ամպերը ցրող Զենիթները տանում դնում են իրենց արտերի մոտ, մեր մոտերքը մի հատ Զենիթ չկա, ընչի՞: Ասում ես՝ կառավարություն է փոխվել, վարչապետ ու նախարար են փոխվել, մենք սկի գյուղնախարարի անունը չգիտենք, բա ընչի մի հատ չի գալի էս հեռավոր ռայոնը, գյուղացիքին լսում, դուխ չի՞ անըմ, թե՞ հավես չունի»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930