Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տուժողի փոխարեն ցուցմունք էր տվել նրա ներկայացուցիչ փաստաբանը

Հունիս 02,2017 14:00

31-ամյա Արփինե Մայսուրյանը քառասունմեկ օր գտնվել է կալանքի մեջ՝ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ այս պահին ընտրված խափանման միջոցը երկու միլիոն դրամ գրավն է: Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվեց Ա. Մայսուրյանի, նրա պաշտպան Ա. Ալիխանյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Փաստաբանի բողոքն այնքան ծավալուն է, որ դատարանն արդեն երկրորդ անգամ լսելով նրան, հետաձգեց բողոքի քննությունը: Ինչպես փաստաբան Ա. Ալիխանյանն ասաց, հասել էինք 39-րդ էջին: Դրան գումարենք այն, որ երկու անգամ ընդհատվեց նիստը. մի դեպքում փաստաբանի բողոքի ժամանակ տուժողի աղջիկը ժպտում էր, ինչը զայրացրեց պաշտպանական կողմին, եւ դատարանը նախազգուշացրեց՝ կրկնվելու դեպքում սանկցիա կիրառել, մի դեպքում էլ, երբ փաստաբանն ասաց, թե մեղադրական եզրակացությունը «դատախազի մտքի գոհարներից է», տեղից վեր թռավ երիտասարդ տաքարյուն դատախազ Մանուկյանը, ասելով, թե դատարանը սանկցիա թող կիրառի փաստաբանի նկատմամբ՝ նրա «լկտի արտահայտության համար»:

Այս տարվա հունվարի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Արփինե Մայսուրյանին: Վերաքննիչ դատարանում Արփինեի պաշտպանը՝ Արթուր Ալիխանյանը, նշեց, որ ըստ մեղադրանքի՝ իր պաշտպանյալը մեղադրվում է, որ. «նախնական համաձայնության գալով Արմենակ Հովհաննիսյանի հետ, 2010 թվականի սեպտեմբերի 15-ին խարդախությամբ հափշտակել է Զարուհի Պողոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը, բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող «Հայտարարություն» եւ «Ստացական» վերնագրով գրություններ, բնակարանի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ, որոնք էլ որպես ապացույց քաղաքացիական գործի ընթացքում 2011թ. օգոստոսի 2-ին ներկայացվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»:


Նշենք, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Կենտրոնականի քննչական բաժին էր դիմել գործով տուժող ճանաչված Զարուհի Պողոսյանը (նա կնքել է իր մահկանացուն-Ռ.Մ.): Զ.Պողոսյանը հայտնել էր, թե Խանջյան փողոցի իրենց բնակարանը վաճառելու նպատակով առքուվաճառքի պայմանագիր է կնքվել ամբաստանյալ Արփինե Մայսուրյանի հետ: Նշյալ բնակարանը Ա. Մայսուրյանը գնել էր 2010թ.-ին, իսկ նոտարական գործարքը կատարվել էր Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար Մարինե Մանուկյանի միջոցով: Ըստ նոտարի, բնակարանը գնողը, թե Զարուհի Պողոսյանը օրենքով սահմանված կարգով դիմել են իրեն, վավերացման ժամանակ այդ երկուսից բացի, որեւէ մեկը ներկա չի գտնվել: Ի դեպ, այդ նույն օրը իր բնակարանը վաճառած տիկին Զարուհին նույն նոտարի մոտ մեկ այլ գործարք էլ էր կատարել՝ քսան հազար դոլարի չափով գումար էր տրամադրել ոմն Արմենակի: Հետագայում փորձել էին այդ Արմենակին կապել Արփինեի հետ, կեղծ վկաների միջոցով փորձել էին հաստատել, թե Արփինեն ամուսնական կապերի մեջ է գտնվում նրա հետ: Իսկ պարտադրված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, պարզվել էր, որ Արփինեն կույս է:

Պաշտպանական կողմը, որը պահանջում է արդարացնել Արփինեին, դատարանին հայտնեց, որ Արփինեն մի քանի անգամ գնացել է անշարժ գույքի շուկա: Այդ ժամանակ էլ նրան մոտեցել է Զարուհի Պողոսյանը: Վերջինս ասել է, թե մտադիր է վաճառել Խանջյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը: «Երբ ցանկացա տեսնել բնակարանը, տիկինն ասաց, թե այնտեղ վարձակալությամբ ուսանողներ են բնակվում: Բնակարանը, որը հետագայում տեսա, անմխիթար վիճակում էր գտնվում: Տիկին Զարուհին ցույց տվեց մի կցակառույց էլ, ասաց, թե դրա մասով վճարումներ պետք է անի, ուստի բնակարանի գինը դարձրեց քսանութ հազար դոլար: Նախնական հինգ հարյուր դոլար եմ տվել Զ.Պողոսյանին, որպեսզի նա կարողանա բնակարանի սեփականության վկայականի հետ կապված հարցերը լուծի, ապա 27 500 դոլարը: Գումարը ստանալուց հետո ենք գնացել նոտարի մոտ»,-«Առավոտին» ասաց Արփինեն: Ի դեպ, Զ.Պողոսյանը գումարը ստանալու մասին ստացական է տվել: Այս ստացականն էլ դատաձեռագրաբանական փորձաքննության է ենթարկվել եւ փորձագետը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ Զարուհին ինքն է ստորագրել եւ գրել, գրառումները նրանն են:

Փաստաբանը անդրադառնալով հանգուցյալի դստեր՝ Հասմիկ Պողոսյանի ցուցմունքներին, նշեց, որ դրանք հակասական են, հատկապես, երբ խոսք է գնում բնակարանի առքուվաճառքի ու գնի մասին: Հ. Պողոսյանը մի տեղ ասել էր, թե բնակարանը արժեցել է 27.500 դոլարին համարժեք գումար, մի անգամ՝ 28. 500 դոլարին համարժեք դրամի, մի դեպքում նշել էր, թե Արփինեն պետք է ավելացներ 7 հազար դոլար գումարը, ապա բնակարանն արժեցել է 35 000 դոլար գումար: Նա հայտնել էր, թե մայրը դատարկ թղթի վրա է ստորագրել:

Մեկ այլ դրվագ ներկայացնելիս, պաշտպանական կողմի փաստաբանը նշեց, թե տուժողի փոխարեն ցուցմունք է տվել փաստաբան Անուշ Հակոբյանը, եւ հարց տվեց. անփութությա՞ն, թե՞ դիտավորության հետեւանք է սա, եւ որքանո՞վ է փաստաբանի ցուցմունքը վերաբերելի այս գործով: Ա.Ալիխանյանն անդրադարձավ տուժողի հետ առերեսումների խափանմանը: Առերեսում չի արվել, երբ Արփինեն կալանված էր, երբ կալանավորման ժամանակ նա գտնվել է ոստիկանության բաժնում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930