Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լա Բոհեմ»` առանց բոհեմի

Հունիս 02,2017 13:30

Մայիսի 29-ին կայացավ շատ սպասված «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որի մասին մեկ ամիս առաջ խոսվում էր ակնածանքով, երկյուղածությամբ, հպարտությամբ: Լուրը թմբկահարվեց, Շառլ Ազնավուրի անունը խաղարկելով` վաճառվեցին բոլոր տոմսերը: Պրեմիերայի կայացմանն, ի թիվս այլոց, աջակցել էր ՀՀ մշակույթի նախարարությունը:

Բեմադրող խորեոգրաֆ եւ սցենարի հեղինակ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը ասուլիսում հայտարարեց, որ ներկայացումը ստեղծել է` ոգեշնչվելով Շառլ Ազնավուրի ստեղծագործական անսանձ ոգուց, իսկ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը հպարտացավ, թե ներկայացումը կլինի կենսուրախ ու հմայիչ դրսեւորում պարի աշխարհում: Մշակույթի նախարարությանը բնորոշ մոդայիկ բառով ասված` այդքան PR-ված ներկայացումն իրականում այնքա՜ն խեղճ էր, աղքատիկ: Միակ արժանիքը, թերեւս, Շառլ Ազնավուրի չխամրող երգերն էին, որ եթե չլինեին, «ներկայացման տակ» բան չէր մնա: Մի քիչ էլ հետաքրքրություն էին հաղորդել պրոյեկցիոն էսքիզները, մի բան, որ անչափ տարածված է դրսում, նույնիսկ չարչրկված:

Առաջին մեկ-երկու երգի հիման վրա բեմադրված կտորները դպրոցական վերջին զանգի փորձեր էին հիշեցնում, ձանձրալի, առանց ոգեւորության…Ընթացքում որոշակի աշխուժություն մտցրեց թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը, որի շալվարը, հակառակի նման, ներկայացման հենց կեսից պատռվեց, ինչը չէր կարող գոնե որոշ չափով չկոմպլեքսավորել արտիստին:

Լավ, ի՜նչ իմաստ ուներ Ազնավուրին նման խղճուկ ներկայացմամբ պատվելը, ներկայացումից մեկ ժամ առաջ լրագրողներին ասուլիսի հրավիրելը, ծամծված խոսքեր հնչեցնելը, որ արդեն ասվել էին մի քանի օր առաջվա ասուլիսում: Ցանկալի կլիներ «Լա Բոհեմում» ներգրավված լինեին լավագույն պարողները, օրինակ՝ Ռուբեն Մուրադյանը, Սեւակ Ավետիսյանը, նաեւ աշխարհի տարբեր թատրոններ զարդարող մեր մյուս տղաները, որոնք ժամանակին ստեղծել են «Հզոր զգացմունքներ» խումբը (Արսեն Մեհրաբյան, Տիգրան Միքայելյան, Արմեն Գրիգորյան, Վահե Մարտիրոսյան, Դավիթ Կարապետյան):
Ի վերջո, քիչ թե շատ տեղեկացված ամեն ոք կարող է մատի մեկ հպումով յութուբում բալետային լավագույն ներկայացումները գտնել եւ դիտել, ծանոթանալ վերջին միտումներին, ոճերին, լուծումներին:

Հաշվի առնելով օպերային թատրոնում առկա ինտրիգները, հակասությունները, նաեւ շատ հարգելով պարոն Խառատյանի վաստակը, ճաշակը եւ մարդկային որակները, բալետի արտիստների թափած քրտինքը, այնուամենայնիվ, չենք կարող չնշել, որ գույնզգույն կեղծամներով աղջիկների ու ակրոբատիկ շարժումներ անող տղաների ներկայությունը երեւանյան բեմում ամենեւին էլ մոդեռն բալետի գրավական չէր, ոչ էլ բոհեմական կյանքի խորհրդանիշ:

Ասում են` ամեն ինչ համաձայնեցված էր Ազնավուրի հետ, գուցե եւ այդպես է, բայց այդ պնդումն էլ չի բարձրացնում ներկայացման որակը: Թեեւ, բուռն ծափահարություններ էլ եղան. շանսոնյեի ներկայությունը հզոր ուժ է:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

01.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930